Անի Ռաշոյան. «Միակ «տեղը», որտեղ իսկապես շնչում ես ազատ, առանց ձևականությունների՝ արվեստն է» (լուսանկարներ)

«168 ժամն» անդրադարձել է ծնունդով գյումրեցի երիտասարդ ստեղծագործող Անի Ռաշոյանին: Նկարչուհու հետ խոսել ենք Գյումրիի մշակութային անցուդարձի վրա քաղաքի սոցիալ տնտեսական ներկա իրավիճակի ազդեցության մասին: Այս անգամ փորձեցինք բացահայտել Անի Ռաշոյան նկարչուհուն, նրա ստեղծագործական ուղին և ապագայում սպասվող ստեղծագործական ծրագրերը:

– Անի, ե՞րբ ես սկսել ստեղծագործական ճանապարհդ: Ո՞րն է քո ոճը:  

– Նկարել սկսել եմ շատ վաղ տարիքից, նախքան դպրոց գնալս արդեն հաճախում էի նկարչական խմբակներ, մասնակցում էի ցուցահանդեսների: Կարծում եմ, հենց այնտեղից էլ սկսվել է ստեղծագործական ուղիս: Հետագայում շատ հոբբիներ ու հետաքրքրություններ եմ ունեցել տարբեր գիտությունների նկատմամբ, բայց նկարչությունը միշտ առաջին տեղում է եղել: Միայն արվեստանոցի  ներկերի բույրը բավական էր, որ չմտածեի այլ մասնագիտությունների մասին, դա լրիվ ուրիշ աշխարհ է: 21-րդ դարում նկարչի համար շատ դժվար է պատասխանել, թե ինչ ոճում է նա հիմնականում ստեղծագործում: Կոնկրետ ոճ չեմ կարող ասել, ու ընդհանրապես ոճերի մասին պետք է դատեն արվեստաբանները, վերջիվերջո հենց նրանք են հորինել այդ ամենը … միայն մի բան կասեմ. նկարի մեջ պետք է իմաստ լինի: Աբստրակտ նկարչության կողմնակից չեմ, համենայնդեպս այս պահին, նկարն ինձ համար խորություն պիտի ունենա, թեմա, և, ամենակարևորը, պիտի ունենա գույն: Գույն, ոչ ուղիղ միաստով, այլ կոլորիտի, ներդաշնակության իմաստով: Սև ու սպիտակ նկարի մեջ էլ պիտի գույն ու տրամադրություն լինի:

–  Ի՞նչն է հանդիսանում ոգեշնչման աղբյուր քեզ համար: Նկարիչներից ու՞մ աշխատանքներն քեզ ոգոշնչում:

Կարդացեք նաև

– Այս հարցին շատ անգամներ եմ պատասխանել, սակայն հիմա դժվարանում եմ ասել: Ես ոգեշնչվում եմ թարմ օդից, արևի լույսից և ընդհանրապես, ոգեշնչումը գալիս է ներսից, քո տրամադրվածությունից: Կարող է՝ շատ տխուր ու անձրևոտ օրվանից ոգեշնչվեմ, բայց նկարեմ շատ լուսավոր  ու պայծառ նկար: Շատ հարաբերական է ասված` ոգեշնչման աղբյուր, և դրա արդյունքում ստեղծված ցանկացած գործ: Քանի որ այս պահին իմ ստեղծագործական կյանքում շեշտն ավելի շատ դրված է զարդերի վրա, ես իմ ստեղծած զարդերից էլ եմ ոգենչվում, ու դա միանշանակ անդրադառնում է նկարչության որակի վրա: Հիմա հայտնի նկարիչներին շատ քիչ եմ նայում, ավելի շատ ինձ հետաքրքրում ու ոգեշնչում են հին  ժայռապատկերները, հատկապես` հայկական:  Այնտեղ ավելի շատ անկեղծություն եմ զգում:

Ani-Rashoyan5

– Ի՞նչ պլաններ կան Rashani hand made-ի հետ կապված: Պլաններում կա՞ սեփական բիզնես սկսել:

– Իհարկե, Rashani hand made-ի հետ կապված  շատ պլաններ ունեմ, ու լիքը գաղափարներ կան այս պահին, ուղղակի ժամանակի հարց է, բրենդը որպես այդպիսին ձևավորված է և աշխատում է, ուղղակի չեմ սիրում «բիզնես» բառը, սա արվեստի ու արհեստի յուրահատուկ սինթեզ է:

– Ցուցահանդեսների մասին կպատմե՞ս:

– Ընդհանրապես շատ ցուցահանդեսների եմ մասնակցել, բայց վերջին կազմակերպված երկու ցուցահանդեսները՝  «Real art» խորագրով,  միավորեցին շատ տաղանդավոր երիտասարդների, դրա շնորհիվ էլ ցուցահանդեսները որակական առումով տարբերվում էին մնացածներից, կոպիտ ասած` սրանք առաջին քայլերն են  ներկայիս մշակութային տխուր վիճակից դուրս գալու համար: Ցուցահանդեսները նկարիչների համար միշտ տոն են, ու եթե միավորվում են տաղանդավոր երիտասարդներ, դա էլ ավելի մեծ տոնի է վերածվում: Առաջի ցուցահանդեսի թեման ազատ էր, իսկ երկրորդը նվիրված էր Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին:

– Իսկ ի՞նչ ստեղծագործական պլաններ կան ապագայի համար: Հայաստանից դուրս ստեղծագործելու մտքեր կա՞ն:

– Ստեղծագործական պլաններ չեմ մշակում, ստեղծագործում եմ ամեն օր: Պատրաստվում ենք նոր ցուցահանդեսների: Երբեք չեմ ձգտել արտասահմանում  հայտնի լինել կամ մեկնել արտասահման, որպեսզի հայտնի դառնամ: Իհարկե, նկարչի համար շատ կարևոր են շրջագայությունները, նոր միջավայրերը, փոփոխությունները: Դրանք նպաստում են թարմ ու հետաքրքիր գաղափարների առաջացմանը: Բայց  եթե իրոք արժեքավոր գործ ես ստեղծում, քեզ և հայրենիքում, և  դրսում  հաստատ կգնահատեն: Պետք չէ ոչ մեկի «աչքերին թոզ փչել», պետք է իրոք անկեղծ նվիրվել գործին և հիշել, որ «տաշած քարը գետնին չի մնա» ( ծիծաղում է,-Գ.Ա.):

Արվեստի  կարևորությունը մարդու կյանքում, քո կարծիքով, որպես նկարչուհի…

– Արվեստի կարևորության մասին շատ երկար կարելի է խոսել, բայց ինքս նշեմ մի բան. այն մարդը, ով ապրում է առանց գեղեցիկի ընկալման ու առանց սիրո, նա արվեստի հետ բացարձակապես չի կարող կապ ունենալ: Ստեղծագործող մարդիկ ինձ կհասկանան, միակ տեղը, որտեղ իսկապես շնչում ես ազատ, առանց ձևականությունների՝ արվեստն է:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս