
Դադարեցվել է Թուրքիայից PKK-ի մարտիկների դուրսբերման գործընթացը

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քաղաքացիական թև համարվող «Քրդստանի համայնքների» միության համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ իրենք դադարեցնում են Թուրքիայից իրենց պարտիզանների դուրս բերման գործընթացը:
Բայըքն այդ քայլը պատճառաբանել է Թուրքիայի կառավարության անգործությամբ՝ նրան մեղադրելով քրդերի իրավունքների բարելավման ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մեջ: Բայըքն ընդգծել է, որ եթե սրանից հետո իրենց նկատմամբ ձեռնարկեն հարձակում, ապա իրենք կպաշտպանվեն` չբացառելով, որ դա կարող է վերաճել խոշոր պատերազմի:
Բայըքը հիշեցրել է, որ իրենք Թուրքիայի կառավարությանը գործելու համար ժամանակ էին տվել մինչև սեպտեմբերի 1-ը, սակայն նրա կողմից ցայժմ չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջերին էլ Ջեմիլ Բայըքը Թուրքիայի իշխանություններին սպառնացել էր, որ PKK-ն կարող է վերադառնալ (Հյուսիսային Իրաքից) և սկսել խոշոր պատերազմ: Թուրքական հետախուզությունն իր հերթին հայտնել է, որ PKK-ն չի լքում երկիրը և փոխարենը խմբավորվում է քաղաքներում: