ԵՄ-ի ու ՌԴ-ի համար կարևորություն ներկայացնող Հայաստանը, Մոլդովան և Ուկրաիան պետք է հստակեցնեն իրենց ուղին. Հերման վան Ռոմպեյ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը, դասախոսություն կարդալով Սանկտ Պետերբուրգում, հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող Հայաստանը, Մոլդովան և Ուկրաիան պետք է հստակեցնեն իրենց սեփական ուղին:
Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի մամլո ծառայությունը. «Մեր կարծիքով՝ Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը վնաս չի պատճառի Ռուսաստանի հետ այդ երկրի վաղեմի կապերին: Ինչո՞ւ պետք է առաջ քաշվի «կամ-կամ» հարցը:
Եվրոպական մայրցամաքում կայուն անվտանգությանն անհնար կլինի հասնել, եթե ԵՄ-ն ու Ռուսաստանը չաշխատեն սերտ փոխգործակցությամբ: Մենք արդեն իսկ շատ բան ենք արել «Սառը պատերազմի» ավարտից ի վեր, և կարող ենք հպարտանալ դրանով:
Մենք միասին կարող ենք անել աելին և փորձենք կարգավորել այսպես կոչված «ձգձգվող» հակամարտությունները, որոնք դեռ մնում են մեր ընդհանուր հարևանների մոտ, օրինակ մերձդնեստրյան հակամարտությունը Մոլդովայում»:
Սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում ընթանում է G-20-ի գագաթաժողովը: