Մաքսային միությունից Հայաստանին սպառնացող վտանգները

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը համարում է, որ Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը, քանի որ դա հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Ըստ Շահնազարյանի Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանը պետք է ենթարկվի Մաքսային միության շրջանակներում գործող վերպետական կառույցների որոշումներին,, ինչը Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է: Ավելին. Շահնազարյանը համոզված է, որ ոչ մի սահմանադրական փոփոխությամբ հնարավոր չէ օրինականացնել Հայաստանի Մաքսային միություն մտնելը, այլ պետք է կանխել դրա իրականացումը, քանի դեռ ժամանակ կա:

«Դեռ հույս կա»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Դ. Շահնազարյանը: Նրա հույսն այն է, որ քաղաքացիական հասարակությունը և Հայաստանի ինքնիշխանությամբ մտահոգ քաղաքական ուժերը կարող են ճնշում գործադրել իշխանության վրա, և իշխանությունը կհրաժարվի ապօրինի համաձայնագիրը ստորագրելուց: Դ. Շահնազարյանն ասաց, որ չի պահանջի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ նախագահի պաշտոնի մյուս հավակնորդները ոչ թե ռուսամետ են, այլ հենց ռուսական:

Դավիթ Շահնազարյանը Հայաստանի Մաքսային միություն մտնելու մեջ վտանգ է կանխատեսում նաև Ղարաբաղի համար: Նա ասում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը Ղարաբաղը դուրս մղեցին բանակցային գործընթացից, և նրա տեղը զբաղեցրեց Հայաստանը, ապա Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանը դուրս կմղվի բանակցային գործընթացից, քանի որ Ադրբեջանը կամ միջնորդ երկրները կհամարեն, որ ավելի ճիշտ է, բանակցել Ռուսաստանի հետ: Դավիթ Շանազարյանին չի բավարարի անգամ այն տարբերակը եթե Ռուսաստանը Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նման ճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է Կոսովոյի ճանաչման տարբերակը:

Մյուս վտանգն այն է, որ Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանում առկա քաղաքական ազատությունների, հասարակական և քաղաքացիական ինստիտուտների գործունեության մակարդակը կհասցվի Ռուսաստանի մակարդակին, որը անհամեմատ ավելի ցածր է, քան Հայաստանի այսօրվա մակարդակը:

Կարդացեք նաև

Ըստ Շահնազարյանի Մաքսային միություն մտնելու դեպքում փոփոխություններ տեղի կունենան նաև ներքաղաքական դաշտում: Նա կանխատեսեց, որ կոալիցիայի կազմը կարող է ընդլայնվել: Դ. Շահնազարյանը կարծում է, որ կոալիցիան կարող է ընդլայնվել ոչ միայն ԲՀԿ-ի այլ խորհրդարանական մյուս կուսակցությունների հաշվին:

Արդյոք հնարավոր է խուսափել Մաքսային միություն մտնելու հեռանկարից: Դավիթ Շահնազարյանի խոսքից կարելի էր հասկանալ, որ դա հնարավոր է միայն տեսականորեն: Բայց երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ո՞ր ընդդիմադիր կուսակցությունները կարող են իրենց վրա վերցնել այդ շարժումը ղեկավարելու գործը, Շահնազարյանն ասաց, որ ինքը չգիտի թե որ կուսակցությունն է ընդդիմադիր, իսկ որը՝ ոչ: Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությությունից հետո, կուսակցությունների վերաբերմունքից կարելի է արձանագրել, որ կուսակցությունների հիմնական մասը, այս հարցում համամիտ է իշխանության հետ, ուղղակի ամաչում է դրա մասին բարձրաձայն հայտարարել:

Տեսանյութեր

Լրահոս