Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը վերածվում է պուտինյան Ռուսաստանի փոքրիկ ստրուկ-պետության»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, ի՞նչ կարծիք ունեք Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշման մասին և արդյոք Ձեզ համար սպասելի՞ էր նման զարգացումը:

– Վերջնական որոշումը և այն, թե ինչպես հայտարարվեց դրա մասին, անակնկալ էր բոլորի համար, քանի որ դա նման էր վերջին վայրկյանին կայացված որոշման` ի հակադրություն վերջին մի քանի տարիների պաշտոնական հայտարարություններին և ի հեճուկս վերջին 4 տարիներին նույն իշխանության իրականացրած բանակցությունների գործընթացին: Սա ակնհայտ ռազմավարական սխալ է և ևս մի կորցված հնարավորություն: Սա ոչ միայն վիրավորանք է Եվրոպական միության հանդեպ, որն այսքան երկար ժամանակ ներդրումներ էր կատարում Հայաստանում, այլև վիրավորական քայլ է հայ մարդու, ժողովրդի նկատմամբ:

– Ձեր կարծիքով՝ այս հարցը չի՞ համաձայնեցվել եվրոպացի գործընկերների հետ:

Կարդացեք նաև

– Իհարկե ոչ, սա 100 տոկոսանոց անակնկալ է եվրոպացիների համար, որովհետև Հայաստանն արդեն ավարտել էր բանակցությունները Եվրոպական միության հետ և արդեն իսկ պատրաստ է նախաստորագրելու Ասոցացման պայմանագիրը: Այդ պատճառով՝ եթե Հայաստանը նախկինում կայացրած լիներ Մաքսային միություն մտնելու մասին որոշումը, Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հնարավոր չէր լինի հենց սկզբից:

– Այսինքն` կարծում եք, որ սրանից հետո Ասոցացման համաձայնագիրը չի՞ ստորագրվի:

– Կարծես թե սա ՀՀ նախագահի կայացրած որոշումն էր: Մոսկվայում երեքշաբթի օրվա հայտարարությունը` Մաքսային միություն մտնելու մասին, նշանակում է, որ Ասոցացման համաձայնագիրն այլևս արդիական չէ:

– Իսկ հակառակը հնարավոր համարո՞ւմ եք, այսինքն՝ համագործակցություն և՛ Մաքսային միության հետ, և՛ Եվրոպայի ազատ առևտրի գոտու շրջանակներում:

– Տարբերությունն այն է, որ Հայաստանը չի կարող անդամակցել այդ երկու կառույցներին միաժամանակ: Հայաստանի համար կա ևս մի տարբերակ, սակայն, դժբախտաբար, այն չի քննարկվում: Հայաստանի նախագահն ավելի խելացի քայլ կաներ, եթե վարվեր այլ կերպ. իմանալով, որ Հայաստանը չի սահմանակցում Ռուսաստանի հետ, բացի այդ՝ Ուկրաինան և Արևելյան գործընկերության մյուս անդամ երկրներն ավելի կարևոր են Ռուսաստանի համար, Հայաստանի նախագահն ավելի խելոք կլիներ, եթե առաջարկեր, որ Հայաստանը Մաքսային միությունում ստանա դիտորդի կարգավիճակ, այլ ոչ թե լիարժեք անդամակցություն: Այդ կերպ նա կաջակցեր Ռուսաստանի ջանքերին և՛ Մաքսային, և՛ Եվրասիական միություններում: Սակայն այս որոշումն ավելի մեծ խնդիր կարող է առաջացնել. ամենամեծ խնդիրն այն է՝ եթե այս որոշումը չի կայացվել Ռուսաստանի ճնշման արդյունքում, եթե Հայաստանն այլ ելք չուներ, եթե իրոք այդպես է, դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի դաշնակիցը: Ռուսաստանի ճնշումն իր ռազմավարական գործընկերոջ վրա հարված է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը: Սա նաև ցույց է տալիս Հայաստանի իշխանության թուլությունը, որովհետև նա այսքան հեշտությամբ է տեղի տալիս:

– Շատերը հատկապես դատապարտում են այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այս որոշումը կայացրել է միանձնյա: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Ինչպես նշեցի վերևում, բանակցությունների 4 տարիները սրանով անիմաստ դարձան: Կա մեկ այլ կարևոր հանգամանք` վիլնյուսյան գագաթաժողովը տեղի է ունենալու նոյեմբերին, Մոսկվայում դեռևս ոչինչ չի ստորագրվել, և դեռևս ժամանակ կա այս սխալն ուղղելու համար:

– Հնարավո՞ր է, որ Եվրամիությունն այս որոշումից հետո կոշտ քաղաքականություն որդեգրի Հայաստանի նկատմամբ և, օրինակ, հիշի, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ:

– Մենք ունենք երկու հնարավոր արդյունքներ. առաջինը՝ անհապաղ բնույթ է կրում, անհապաղ արձագանքն այն է, որ Հայաստանը Եվրոպայի աչքերում արդեն չի թվա կայուն որոշումներ կայացնող, վստահելի և անկեղծ: Երկրորդը՝ եթե Հայաստանը ձախողի Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, պարզ է, որ Եվրոպական միությունը կկորցնի Հայաստանի նկատմամբ իր հետաքրքրությունը, և Հայաստանի ռազմավարական նշանակությունը կնսեմանա: Մյուս վտանգն այն է` եթե հետագայում Հայաստանը ևս մի նմանատիպ հնարավորություն ունենա, ապա այն ավելի դժվար կլինի օգտագործել:

– Անդրադառնանք հարցի տնտեսական ասպեկտին. մամուլում կային հրապարակումներ, որ Մաքսային միության ընտրությունը կապված է Ռուսաստանի կողմից ֆինանսական ինչ-որ աջակցության հնարավորության հետ, ի՞նչ դեր է խաղացել այս գործոնը:

– Լավ հարց է: Այո՛, տեղեկություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է մի քանի հարյուր միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, և, կարծես թե, Հայաստանի նախագահին ավելի հետաքրքրում է այդ շտապ կանխիկ գումարը, քան թե երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ի հետ համագործակցությունից ակնկալվող շահույթները: Բայց տնտեսական իմաստով` միակ խմբերը, որոնք կարող են շահույթ ստանալ Մաքսային միությունից, օլիգարխներն են և կոռումպացված չինովնիկները:

– Իսկ օլիգարխները ԵՄ-ի ազատ առևտրի գոտուց չե՞ն կարող շահույթներ ստանալ:

– Օլիգարխները կարծես վամպիրներ լինեն, նրանց համար ամենամեծ սպառնալիքը մրցակցությունն է այնպիսի մեծ շուկաներում, ինչպիսին են եվրոպական շուկաները: Բայց Մաքսային միությանն անդամակցությունն օլիգարխների համար կնշանակի, որ նրանք կշարունակեն գործել միևնույն կանոններով: Տնտեսության մյուս խնդիրն այն է, որ Հայաստանի բոլոր մեծ գործընկերները Եվրոպական միությունում են: Թվում է, թե մենք արհամարհում ենք այս փաստը և միանալով Մաքսային միությանը` չենք կարող ունենալ ավելի մեծ օգուտներ, քանի Եվրոպական միությունից: Այս որոշմամբ` աշխարհը երես է թեքում Հայաստանից:

– Այս համատեքստում տեղին կլինի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Օրինակ` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ անդամակցությունը Մաքսային միությանը ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե առաջին հերթին ԼՂՀ-ն դառնա Մաքսային միության անդամ: Այս տարբերակը հնարավոր համարո՞ւմ եք:

– Ո՛չ, ես համաձայն չեմ: Լեռնային Ղարաբաղն այս հարցում ուղղակի գործոն չէ ո՛չ ռուսական ճնշումը բացատրելու, ո՛չ էլ այս որոշումն արդարացնելու առումով:

– Պուտինի հետ հանդիպման ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանն ակնարկեց, թե հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, սակայն հանդիպումից հետո երկու նախագահների համատեղ հայտարարությունը բոլորովին այլ բնույթ ուներ:

– Ես համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, որ հայ-ռուսական հարաբերություններում դեռևս կան խնդիրներ, բայց այս որոշումն ընդունելով` նախագահ Սարգսյանն ավելի խորացրեց այդ խնդիրները: Ռուսաստանը հարգում է ուժը, ոչ թե թուլությունը, և Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրը հավասարության բացակայությունն է: Եվ առանց նախապայմանների` Ռուսաստանին հանձնվելու այս որոշումը միայն ցույց է տալիս Հայաստանի թուլությունը, այլ ոչ թե ուժը:

– Կան դիվանագետներ, ովքեր կարծում են, որ Հայաստանն այժմ էլ հնարավոր է իրականացնի, այսպես ասած, «և՛-և՛»-ի, այսինքն` կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ, և, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է դա իրագործել:

– Օրինակներից մեկը ռազմական անվտանգության ոլորտն է, այստեղ ավելի շատ հավասարակշռություն և կոմպլեմենտարիզմ կա: Հայաստանը շարունակում է խորացնել իր հարաբերությունները նաև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի, ոչ թե միայն Ռուսաստանի հետ: Բայց Մաքսային միությանը միանալու և Եվրոպայի առջև դուռը փակելու վտանգն այն է, որ Հայաստանը կրկին ամբողջությամբ կընկնի Ռուսաստանից կախման մեջ:

Կոմպլեմենտարիզմի քաղաքականության էությունը կայանում է նրանում, որ Հայաստանը պետք է ավելի շատ տարբերակների միջև ընտրություն կատարի: Այս որոշումն ակնհայտորեն սահմանափակում է ընտրության տարբերակները: Սա նաև նշանակում է, որ ամենայն հավանականությամբ կավելանա ամեն տարի Հայաստանը լքող հազարավոր հայերի թիվը, քանի որ այս որոշումն ունի երկու այլ հետևանքներ` հույսի և հնարավորության կորուստ: Սա նաև աշխարհագրության խնդիր է. Հայաստանը տարածաշրջանում ավելի է մղվում թակարդի մեջ, Վրաստանն էլ կրկին մեզնից առաջ է անցնում: Հետաքրքիր է, որ այս որոշմամբ մենք ավելի ենք հավասարվում Ադրբեջանին, որը նույնպես հետաքրքրված չէ Եվրոպայով: Երկրորդը՝ սա աշխարհագրական խնդիր է նաև Հայաստանի նախագահի համար. այս որոշումը նրան անկյուն կանգնեցրեց` սահմանափակելով նրա հնարավորությունները և պետության ապագան:

– Ի դեպ, Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունից շատերի մոտ ստեղծվել է այն տպավորությունը, որ Հայաստանը կրկին վերադառնում է դեպի Խորհրդային միություն: Նույնիսկ կատակում են, որ այսօրվանից «Հայլուրի» փոխարեն կցուցադրվի «Время» լրատվականը: Ձեզ մոտ նույնպե՞ս այդ տպավորությունն էր:

(Ժպտում է.- Ա.Ս.) Բարեբախտաբար, ես Հայաստան եմ տեղափոխվել անկախության հռչակումից հետո, ուստի երբեք չեմ եղել «тобарищ» կամ ԽՍՀՄ-ի ծնունդ, սակայն ես նույնպես կիսում եմ այդ վախը: Հայաստանը ոչ թե կմտնի վերակազմավորված Խորհրդային միության կազմի մեջ, այլ ավելի վատ. վախենամ, թե Հայաստանը վերածվում է պուտինյան Ռուսաստանի փոքրիկ ստրուկ-պետության:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս