Բժիշկ. Գուրգեն Մարգարյանի հայրը ստացել է կյանքին վտանգ սպառնացող 4 վնասվածք. Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր (տեսանյութ)

Այսօր առավոտյան «Փաստինֆո» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը։

Այժմ վերջինս գտնվում է «Նատալի Ֆարմ» Մալաթիա բժշկական կենտրոնում։ Կենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը լրագրողներին հայտնեց, որ Արտուշ Մարգարյանը բժշկական կենտրոն տեղափոխվել է այսօր՝ վաղ առավոտյան։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է կյանքին վտանգ սպառնացող 4 վնասվածք։

«Հիվանդը բերվել է շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում։ Որովայնի բազմաթիվ կտրած ծակած թափանցող վերքերով և ձախ նախաբազկի կտրած վերքով։ Վիրահատվել է, երկու տեղից վնասված է եղել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, հետորովայնամիզային տարածությունը։ Ունի արյան մեծ կորուստ։ Շտապ կարգով վիրահատվել է կյանքի ցուցումներով։ Վիրահատությունն անցել է հաջող։ Ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` հետվիրահատական վաղ շրջանում»,- ասաց Արայիկ Ոսկանյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արտուշ Մարգարյանն այժմ պահվում է երկարատև արհեստական շնչառության պայմաններում. նա ինքնուրույն շնչառության կանցնի այն ժամանակ, երբ վիճակը կկարգավորվի։ Արտուշ Մարգարյանին վիրահատած բժիշկը տեղեկացրեց նաև, որ հիվանդի ստացված վնասվածքները կարող են հետագայում հետվիրահատական բարդություններ առաջացնել, սակայն առաջացած բարդություններից կարող են խոսել առնվազն 3-4 օր անց։
Հիվանդանոցում հավաքված Արտուշ Մարգարյանի հարազատները չցանկացան խոսել լրագրողների հետ։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս