ԱՄՆ․ «Երկրները իրավունք ունեն ընտրել սեփական ճանապարհը»

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:  Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նաև ընդգծել է․

«Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ»:  «Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ  բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը»,- շարունակել է ամերիկացի դիվանագետը:  Ընդգծելով, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքը պետք է որոշի իր ուղեգիծը, Պետդեպարտամենտի պաշտոնյան ավելացրել է․

«Այս որոշումները կենսական կարևորություն ունեն, և դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են»:  «Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային», – ամփոփել է ամերիկացի դիվանագետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս