«Հայկական ժամանակ». «Փարկինգ սիթին» գաղտնիք ունի
Երևանի քաղաքպետարանը պատասխանել է «ՀԺ» թերթի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները, ու թե ըստ գործող պայմանագրի` գումարի որ մասն է մուտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը` ծառայություններ մատուցող «Փարկինգ սիթի» սերվիսին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից տեղեկացրել են, որ որ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշման, սահմանվել է, որ ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների մատուցման դիմաց վճարվող պայմանագրային գինը չի կարող լինել փաստացի հավաքագրված տուրքի և գանձված վարչական տուգանքի հանրագումարի ոչ ավել քան 70 տոկոսը, ներառյալ` ավտոկայանատեղի կազմակերպչի բոլոր ծախսերը։ Եվ ահա, «Փարկինգ սիթին» այս որոշումը հաշվի առնելով, ներկայացրել է հենց նման գնային առաջարկ, ըստ որի` ծառայությունների դիմաց վճարվող գումարը կազմում է փաստացի հավաքագրված տուրքի և գանձված վարչական տուգանքի հանրագումարի 70 տոկոսը։ Այսինքն` քաղաքացիների վճարած տուրքերի և տուգանքների 70 տոկոսն անցնելու է մասնավորին և միայն 30 տոկոսը` համայնքային բյուջե։ 70 տոկոսից 16 տոկոս հարկեր են վճարվելու։ «Փարկինգ սիթի սերվիս» ՍՊԸ-ն գաղտնի է պահում տարվա մեջ ակնկալվող եկամուտների չափը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ ՀԺ-ի այսօրվա համարում: