
Ցիկլոնը Վրաստանի արևմուտքում առաջացրել է ջրհեղեղներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Մերձբալթիկայից եկած ցիկլոնը հարվածել է Վրաստանի արևմտյան շրջաններին՝ առաջացնելով ջրհեղեղներ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանման նախարարությանը կից Մոնիթորինգային ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ գետերը դուրս են եկել իրենց ափերից և հեղեղումներ են առաջացրել Աջարիայում, ինչպես նաև Խելվաչաուրի և Կեդա շրջաններում: Էներգոհամակարգերը չեն վնասվել, էլեկտրաէներգիայի մատակարարումը չի խափանվել: Գետերում ջրի մակարդակի բարձրացում է գրանցվել նաև Սվանեթիում ու Սամեգրելոյում, ուր առաջացել է հեղեղումների վտանգ:
Անցած գիշեր Վրաստանի սևծովյան ծովափին ալիքների բարձրությունը հասել է երկու մետրի, սակայն շնորհիվ նախապես ձեռնարկված միջոցների չեն տուժել ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ծովին մոտ գտնվող շինությունները: Թբիլիսիում էլ գրանցվել է ուժգին քամի և տեղատարափ անձրև: