«Ներկայիս կոմպլեմենտարիզմը կարելի է դիտարկել որպես համագործակցության և անորոշությունների կանխման նոր ձևաչափ»
Քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանն անդրադառնալով Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միության մեջ և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը, Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոմպլեմենտար քաղաքականությունը մեկ անգամ ևս ապացուցեց իր ճկունությունը: Որպես քաղաքական գործընթացների մոդելավորման բազմաչափ երևույթ, ներկայիս կոմպլեմենտարիզմը կարելի է դիտարկել որպես համագործակցության և անորոշությունների կանխման նոր ձևաչափ: Հետևաբար, հայ իրականության քաղաքական գործընթացների արդիականացման և քաղաքական զարգացման հաղթահարման նկատառումներով, ՀՀ նախագահի ընդունված որոշումը մի քանի մակարդակներով ամրագրում է ՀՀ անվտանգության արժեքայնությունը: Նախ ընդարձակվում է սոցիալ-տնտեսական տարածքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ տնտեսական շուկայի արդիականացման համար, ինչը ենթադրում է գիտակցված հրաժարում մենաշնորհից և գերշահույթից:
Սակայն արդիականացումը բարդ և բազմաչափ երևույթ է, հետևաբար այն արդյունավետ է քաղաքական և տնտեսական գործընթացների համադրման միջոցով: Ուստի, ՀՀ պետական, քաղաքական և հանրային կառավարման արդիականացման հրամայակնները միանշանակ ենթադրում են եվրոպական արժեքների որդեգրում: Կոմպլիմենտար համագործակցությունը հայ մշակութաքաղաքակրթական արժեհամակարգի բաղադրիչն է և եկեք հիշենք ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՆ, որը կարողացավ ճկուն ձևով կիրառել «և,և,և» քաղաքականությունը…
Ժողովրդավարացման երրորդ ալիքի երկրները, այդ թվում՝ նաև Հայաստանը, արդի մարտահրավերներին պատասխանելու համար պետք է իրականացնեն ճկուն քաղաքականություն՝ հաղթահարելով այն բարդությունները, որոնք ուշացված արդիականացման արդյունք են: Շահում են բոլոր այն հասարակությունները, որոնք իրատեսական մոտեցումներ են ցուցաբերում արդի քաղաքական զարգացումներին և ունենում են մրցունակ մասնակցություն գլոբալացման գործընթացներին՝ ունենալով տեղ և դեր»: