10 հարց Արմեն Մովսիսյանին
2010-ից «Նաիրիտը» դադարեց աշխատելուց և արտադրանք տալուց: Յուրաքանչյուր օրվա պարապուրդը գործարանի բյուջեին արժենում է շուրջ 33 մլն դրամ: Յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը մոտ 1 մլն դոլար է, այդ թվում՝ գործարանի գլխավոր տնօրենի անթիվ- անհամար տեղակալների՝ միլիոններով հաշվվող աշխատավարձերը: «168 ժամը» ոչ մեկ անգամ անդրադարձել է այն խնդրին, որ ներկայումս գործարանի ճակատագիրը կախված է ռուսական և հայկական կողմերի փոխհամաձայնության հնարավորությունից, որը կարծես թե հետզհետե անհնար է դառնում, նաև նշել ենք դրա հիմնավորումները:
Պաշտոնական աղբյուրներից «Նաիրիտի» հետ կապված որևէ տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար է: Երբեմն-երբեմն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն է «ոտքի վրա» մի քանի խոսք ասում լրագրողներին: Մոտ 1 ամիս առաջ «168 ժամը» տեղեկատվություն ստանալու նպատակով մի շարք հարցեր էր ուղղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությանը, բայց մինչ օրս պատասխան չկա: Օգոստոսի 20-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից գործարանի հետ կապված խնդիրների շուրջ խնդրել էինք հարցազրույց կազմակերպել նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի հետ, որը գործարանի տնօրենների խորհրդի անդամ է և այդ խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչը: Նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը պատասխանի ուշացումը նախ պատճառաբանեց Արմեն Մովսիսյանի՝ արձակուրդում լինելու հանգամանքով, ում համաձայնությունն «անհրաժեշտ» է, որպեսզի Սիմոնյանը խոսի լրագրողի հետ, ապա մեզ փոխանցեց Ա.Մովսիսյանի խոսքը, թե «Սիմոնյանը հարցազրույց չի տա, հանդիպում կկազմակերպվի անձամբ Ա.Մովսիսյանի հետ, բայց նա այժմ նպատակահարմար չի գտնում հարցազրույց տալ, այլ կխոսի, երբ նոր զարգացումներ կլինեն գործարանի հետ կապված»:
Թե ինչու Ա.Սիմոնյանը չի կարող հարցազրույց տալ՝ պարզ չէ: Չէ՞ որ նա՝ որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, «Նաիրիտում» տեղյակ է կամ պետք է տեղյակ լինի ամեն մի մանրուքից: Առավել ևս, որ մեր հարցերը մեծ մասամբ վերաբերում էին տնօրենների խորհրդի աշխատանքին:
Քանի որ պատասխանատու այրերը, ըստ էության, խուսափում են դեմ առ դեմ ուղիղ հարցադրումներից, և պաշտոնապես որևէ տեղեկատվություն ստանալը դարձել է անհնար, ապա «168 ժամը» նպատակահարմար համարեց հարցերն ուղղել հրապարակայնորեն, բաց տեքստով: Եվ այսպես.
- Պետական միջոցներից որքա՞ն գումար է ծախսվել գործարանի չաշխատելու ժամանակաշրջանում:
- Այդ ընթացքում տնօրենների խորհուրդը վարձատրվե՞լ է, թե ոչ, մասնավորապես՝ խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը աշխատավարձ ստացե՞լ է:
- Գործարանի պարապուրդի ընթացքում աշխատավարձային ֆոնդը կրճատելու համար Արա Սիմոնյանի կողմից արդյոք հարց բարձրացվե՞լ է աշխատակազմը կրճատելու մասին (բալաստից ազատվել), հատկապես 9 տեղակալների մասով, որոնց աշխատավարձը անտրամաբանական մեծ թվեր է կազմում: Արդյոք գործարանին չաշխատելու ընթացքում և ընդհանրապես հարկավո՞ր էին այդքան շատ տեղակալներ:
- Արա Սիմոնյանը տեղյակ եղե՞լ է, որ պարապուրդի ընթացքում գործարանում նոր աշխատողներ են ընդունվել, այն էլ՝ անչափահաս (Մ. Թորոսյանի որդին, որը մի քանի օր աշխատելուց հետո գնացել է արձակուրդի http://www.hraparak.am/news/view/38722.html):
- Արա Սիմոնյանը համաձայնություն տվե՞լ է Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս» ընկերության գնման գործարքին և այդ նպատակով Միջպետական բանկից շուրջ 10 մլն դոլար վարկ վերցնելուն ու դրանից 4 ամիս հետո ընկերության վաճառքին՝ ընդամենը 900 հազար դոլարով:
- Արա Սիմոնյանը տեղյակ եղե՞լ է «Նումարդ Թրեյդինգ» ընկերության հետ գործարքից: Եթե ոչ, ապա չե՞ք ուզում պարզել, թե ի՞նչ է եղել:
- 2009-ին Միջպետական բանկից «Նաիրիտը» վերցրել է շուրջ 100 մլն դոլար վարկ: Արա Սիմոնյանը համաձայնե՞լ է դրան, և տեղյակ եք, թե ո՞ւր են ուղղվել գումարները:
- «Ռոսնեֆթի» հետ բանակցություններն ի՞նչ վիճակում են: Լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը շահագրգռված է ստանձնելու «Նաիրիտի» կառավարումը, բայց ՀՀ կառավարության կողմից խոչընդոտներ կան: Որտե՞ղ է թաքնված «շան գլուխը»:
- Ճի՞շտ են լուրերը, որ ցանկություն կա գործարանը շահագործել միայն բութադիենային տեխնոլոգիայով, այսինքն՝ հրաժարվել ացետիլենային տեխնոլոգիայից: Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ է գործարանը շարունակել շահագործել ացետիլենով, ինչը հնարավորություն կտա մասնագետներին չկորցնել, նոր մասնագետներ պատրաստել, նորից մտնել շուկա և զուգահեռ անցնել բութադիենին:
- 2006թ. օգոստոսի 18-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 56.2% բաժնետեր «Հայգազարդ» ՓԲԸ-ին կառավարության որոշմամբ թույլատրվել է սեփական բաժնեմասը հասցնել մինչև 90%-ի և այն 40 մլն դոլարով վաճառել «Ռայնովիլփրոփերթի լիմիթեդին»: Ճի՞շտ է, որ 2010թ. դրությամբ «Հայգազարդը» «Ռայնովիլփրոփերթի լիմիթեդից» ստացել էր միայն 39 մլն դոլարը: Ի՞նչն է պատճառը, որ այդ 1 միլիոնը չի փոխանցվել:
Եթե նախարար Արմեն Մովսիսյանը ինչ-ինչ հիմքեր ունի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, փոխնախարար Արա Սիմոնյանին լրագրողի հետ հանդիպումից հեռու պահելու համար, ապա այս հարցերում «Արա Սիմոնյան» արտահայտությունը կարելի է փոխարինել «Արմեն Մովսիսյան»-ով: Ինչպես ասում են՝ գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում: