Վահան Հովհաննիսյան. Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ
Հատված yerkir.am-ին տված ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հարցազրույցից
– Պարո’ն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված է Ձեր` դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան:
– Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի` հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին, որոնց մեջ սակավաթիվ լուրջ արձագանքների կողքին հաճախ հայտնվում էին մաղձոտ կամ պարզապես անտրամաբանական մեկնաբանություններ: Կարծում եմ` հիմա որոշ պարզաբանումներ տալու ժամանակն է: Ես դա կանեմ կետ առ կետ, եւ եթե հարցեր մնան, պատրաստ եմ դրանց նույնպես պատասխանել:
1. Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ:
2. Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:
3. Ինձ համար այս առաջարկության մեջ արտառոց որեւէ բան չկա: Ես արդեն իսկ վերջին երեք տարիներին աշխատում եմ արտաքին հարաբերությունների ասպարեզում` մինչեւ վերջերս ղեկավարելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական վեհաժողովում, իսկ ներկայումս այդ միջազգային կառույցի փոխնախագահն եմ: Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում` 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ հատկապես վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եվրաինտեգրացման քաղաքականության պայմաններում Եվրանեսթի աշխատանքը դարձել է ամենօրյա լիարժեք դիվանագիտական աշխատանք: Եվ չնայած բավականին ոչ նպաստավոր պայմաններին, որ ստեղծվել են մեզ համար ՎՈՒԱՄ երկրների պատվիրակությունների կողմից, մեր պատվիրակությունը մինչ այժմ արձանագրել է լուրջ հաջողություններ: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից: Ըստ էության` այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ, չնայած մասնավոր առանձնահատկություններին, նույն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմյանց հակասել: Այլ կերպ կարող են կարծել, մասնավորապես, նրանք, ում համար միջազգային բեմերը Հայաստանում սեփական անկարողությունը քողարկող եւ երկրի վրա ցեխ լցնող ելույթների ասպարեզ է միայն: Ես դրանց թվին չեմ պատկանում:
4. Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք, հետեւաբար, չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից` այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս` դիրքորոշումները վերանայելու խնդիր:
– Սակայն որոշ լրատվամիջոցներ այն կարծիքն են հայտնում, որ Ձեր նշանակումը կարող է Դաշնակցության քաղաքական ուղեգծի փոփոխության մասին վկայել:
– Որոշ լրատվամիջոցներ սխալվում են, ինչպես դա շատ հաճախ է պատահում: Դա արվում է միտումնավոր՝ հանրությանը ապակողմնորոշելու համար, իբրեւ թե հարցը թյուրըմբռնման արդյունք է՝ չեմ ուզում քննարկել: Բայց բոլորը գիտեն՝ Դաշնակցության քաղաքական ուղեգիծը չի որոշվում նրա անդամների կամ նույնիսկ ղեկավարների աշխատանքի վայրով, զբաղեցրած պաշտոնով եւ այլն: Ես չեմ կարծում, որ իմ կամ մեկ այլ դաշնակցական պատասխանատուի քննադատական ելույթը մեր` կոալիցիայում եղած ժամանակ եւ հիմա շատ է տարբերվում իր բովանդակությամբ: Ով չի հավատում, կարող է համեմատել: Մենք նույնն ենք կոալիցիայում կամ դրանից դուրս, ընդդիմության շարքերում կամ դրանից դուրս: Մեր նպատակները չեն փոխվում: Ուրեմն այս կամ այն դաշնակցականի կողմից, նույնիսկ եթե ղեկավար է, անհատապես պետական աշխատանք ստանձնելը կուսակցությանը բացարձակապես չի կաշկանդում, եթե այդ աշխատանքն իր բնույթով համընկնում է այն ասպարեզին, ուր կուսակցության համագործակցությունը պետական կառույցների հետ հիմնված է կուսակցության որոշումների եւ հայեցակարգի վրա եւ ունի ավանդական բնույթ: Գաղտնիք չէ, որ արտաքին հարաբերությունների ասպարեզում մեր կուսակցությունը միշտ էլ համագործակցել է Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերում, որտեղ համատեղ աշխատանքը, հայկական շահերի ապահովման առումով, ավելի մեծ արդյունք է խոստացել: Դա ճիշտ է բոլոր ժամանակների համար: Այդպես էր նույնիսկ ԼՏՊ-ի իշխանության օրոք, երբ կուսակցությունը Հայաստանում հալածված էր, բայց իր պարտքը Հայաստանի նորանկախ պետականության առջեւ կատարում էր արտերկրում: Այսօր էլ շատ արձանագրված հաջողություններ արդյունք են ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հայ դիվանագետների համագործակցության: Հայաստանի իրական շահերի պաշտպանության հարցում որեւէ առաջարկ մենք երբեք չենք մերժել, հատկապես, երբ երկիրը կանգնած է լուրջ փորձությունների առջեւ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: