Սեյրան Օհանյան. Երևանը վերջին երեք տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ գնումներ է իրականացրել
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը վերջին երեք տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ գնումներ է իրականացրել: «Վերջին երեք տարիներին մենք ավելի մեծ թվով զենք ենք ձեռք բերել, քան նախորդ տարիներին, վարչապետի խոսքերը ճիշտ են, և մենք շարունակելու ենք այդ գործընթացը»,- ar.newsarmenia.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սեյրան Օհանյանը: Նախարարի խոսքով, եթե 2000-2007 թվականներին Հայաստանի զինված ուժերը զբաղվել են սպառազինությունների նվազագույն պահուստների ստեղծմամբ, ապա 2007 թվականից առայսօր բարեփոխումների շրջանակում ձեռք են բերվում այն սպառազինությունները, որոնք թույլ կտան հակազդել Ադրբեջանի առավելություններին։
«Մենք մասնավորապես ձեռք ենք բերում զենիթահրթիռային համակարգեր, հեռավոր նշանառման և ճշգրիտ սպառազինություն, որը մեզ հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել հակառակորդի կարևոր օբյեկտներին ոչ միայն օպերատիվ խորության վրա, այլ ավելի հեռու` ետ պահելով նրան Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»,– ասել է նա։