Բաժիններ՝

Արդյո՞ք այրվում են կենսաբանական թափոնները, թե՞…

Վերջին շրջանում առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ իրենց մտահոգությունն են հայտնում կենսաբանական թափոնների ոչնչացման ուղղությամբ պետության կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ: Բուժհիմնարկերի որոշ  մասնագետներ մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ոչ միայն կենսաբանական թափոնները (վիրահատական միջամտության արդյունքում հեռացված մարդկանց ներքին օրգանները), այլ նաև՝ ժամկետնանց դեղորայքային հսկայական զանգվածները հատուկ սարքավորումներով այրման եղանակով ոչնչացվելու փոխարեն՝ թաղվում են Նուբարաշենի աղբավայրի հողային տարածքում: Բնականաբար, կենսաբանական թափոնների ոչնչացման նման եղանակն ինֆեկցիոն հիվանդությունների տարածման մեծ ռիսկ է պարունակում, քանի որ մարդկանց ներքին օրգանները, այլ կերպ ասած՝ կենսաբանական թափոնները, կարող են համաճարակային իրավիճակ ստեղծել:

Ինչ վերաբերվում է ժամկետնանց դեղորայքային թափոններին, ապա դրանք էլ իրենց հերթին էկոլոգիական լուրջ վտանգ են ներկայացնում:

168.am-ն այս խնդրի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության Ծրագրերի և որակի վերահսկման բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանի հետ. «Կենսաբանական թափոնների (դա կարող է լինել ծննդաբերությունից հետո ընկերքը, վիրահատությունից հետո հեռացված մարդու օրգանները, ինչպես նաև վիրահատության ժամանակ օգտագործված թանզիֆները) վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության նախարարությունը: Գոյություն ունեն լիցենզավորված կազմակերպություններ, որոնք հատուկ հարմարեցված ավտոտրանսպորտով ինչպես մարզերի, այնպես էլ՝ Երևան քաղաքի բուժհաստատություններից տեղափոխում են կենսաբանական թափոնները:

Համապատասխան կազմակերպությունները բուժհիմնարկներում հատուկ սառցարաններ են տեղադրել, որտեղ կենսաբանական թափոններն ի պահ տալուց հետո շաբաթը մեկ, թե երկու անգամ տեղափոխելով, որքան գիտեմ՝ Էջմիածնի տարածք, այրում են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր բոլոր բուժհիմնարկները պայմանագրեր ունեն կնքած կենսաբանական թափոնների ոչնչացումն իրականացնող կազմակերպությունների հետ»,- վստահեցրեց Ծ. Վարդանյանը՝  ավելացնելով, որ ինքը չի տիրապետում այն տեխնոլոգիաներին, որով այդ կազմակերպությունները ոչնչացնում են կենսաբանական թափոնները:

Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ Հայաստանում գոյություն ունի «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» կենսաբանական թափոնների ոչնչացման գործարան, որը գտնվում է Արմավիրի մարզում:

Ի դեպ, մենք դիմել ենք նաև ՀՀ բնապահպանության նախարարություն՝ խնդրելով մեզ տրամադրել կենսաբանական թափոնների ոչնչացման տեխնոլոգիաների, այդ խնդրով զբաղվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս