
Երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող դառնալ երկրի նախագահ. Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովն իր կարծիքն է հայտնել Ազգային խորհրդի միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի նկատմամբ:
Լրագրողների հետ զրույցում Պանախովն այսօր հայտարարել է, որ երկքաղաքացիության բացակայությունը հանդիսանում է Ադրբեջանի Սահմանադրության պահանջներից մեկը. «Սահմանադրությամբ կան մի շարք պահանջներ նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են դառնալ Ադրբեջանի նախագահ:
Գլխավոր պահանջներից մեկն այն է, որ այն քաղաքացին, որն ունի երկքաղաքացիություն, այլ երկրների հանդեպ պարտավորություններ, չի կարող դառնալ Ադրբեջանի նախագահ: Տվյալ դեպքում այլ ուղի չկա: Ռուստամ Իբրահիմբեկովի փաստաթղթերը նախօրեին ներկայացվել են ԿԸՀ:
Այդ օրվանից սկսած՝ մեկնարկել է տվյալ փաստաթղթերի դիտարկման գործընթացը: Մեզ համար նշանակություն չունի թեկնածուի անունը, ազգանունը կամ անձը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԿԸՀ-ի փոխնախագահը երեկ բացառել է Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումը: