Ադրբեջանի ԿԸՀ-ի փոխնախագահը բացառել է Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ արդեն հաղորդվել է, որ ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Իբրահիմբեկովն այսօր իր փաստաթղթերը ներկայացրել է Ադրբեջանի ԿԸՀ: ԿԸՀ-ի փոխնախագահ Նատիկ Մամեդովը, վկայակոչելով Ադրբեջանի սահմանադրության 100-րդ հոդվածը, բացառել է Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումը՝ թեև ընդգծել է, որ նախագահի թեկնածուի հայտը դիտարկվելու է 5 օրվա ընթացքում:
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) մամլո ծառայության ղեկավար Զալին Կոռնիլովնան Haqqin.az-ին հայտնել է, որ Իբրահիմբեկովը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու հարցով օգոստոսի 13-ին հիրավի դիմել է իրենց և ստացել է համապատասխան ստացական: Երկու օր առաջ Էլդար Նամազովը լրագրողներին ցույց տվեց հենց այդ ստացականը:
Սակայն հասկանալի չէ, թե ինչու դեռևս այս տարվա մայիսին Ազգային խորհրդի կողմից ընդդիմության միասնական թեկնածու հռչակված Իբրահիմբեկովը ФМС-ին դիմել է միայն օգոստոսի 13-ին: Կոռնիլովան հայտնել է ևս մեկ սենսացիոն նորություն. պարզվում է, որ Իբրահիմբեկովն ունի նաև green card, ինչը նրան տալիս է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք, ինչն իր հերթին վկայում է այդ երկրի հանդեպ նրա պարտավորություններ ունենալու մասին:
Կոռնիլովայի խոսքերով՝ Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը կարող է ձգձգվել մինչև 2014 թվականի առաջին եռամսյակ: Որպես նման ձգձգման պատճառներ են նշվում Իբրահիմբեկովի կողմից համապատասխան հարցով ուշ դիմելը և նրա մոտ ԱՄՆ green card-ի առկայությունը: Օրենսդրության համաձայն, ФМС-ը պետք է հարցում անի իր ամերիկացի գործընկերներին և խնդրի նրան զրկել ԱՄՆ-ում բնակության իրավունքից: