Ֆելիքս Ցոլակյան. «Ծեծելը համայնքապետի ֆունկցիայի մեջ չի մտնում» (տեսանյութ)
Asparez.am-ի փոխանցմամբ՝ շարունակվում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի այցերը մարզի համայնքներ: Հերթական հանդիպումը կայացել է այսօր, Արթիկի քաղաքապետարանում: Մարզպետը խոսել է այն խնդիրներից, որոնց մասին ինքը տեղեկություններ ուներ: Մասնավորապես՝ նա խոսել է քաղաքի գերեզմանոցի վիճակից, որտեղ լուրջ խնդիր է առկա: Ճանապարհների վիճակը բարվոք գնահատելով՝ նա նշել է, որ դրա կողքին քաղաքում անբարեխղճորեն է կատարվում աղբահանությունը եւ այս հարցի լուծման վրա պետք է անպայման ուշադրություն հատկացվի, քանի որ տվյալ դեպքում եւ բնակչի, և իշխանությունների երկուստեք անբարեխղճությունն է սրա պատճառը: Նման մթնոլորտը, ըստ մարզպետի, վատ է ազդում՝ մի կողմից մարդկանց տրամադրության վրա, մյուս կողմից՝ էկոլոգիապես վնասակար է շրջակա միջավայրի համար:
Մարզպետը քաղաքի դպրոցների տնօրենների հետ զրույցում ասել է, թե այսօր դպրոցներում օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել: Կառավարությունում արդեն իսկ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ՝ մանկավարժների շջանում բավականին կրճատումներ են սպասվում: Դպրոցներից մեկի տնօրենը, ով 20 տարի արդեն այդ պաշտոնում է աշխատել, ասել է, թե ամողջ այդ տարիների ընթացքում դպրոցում անգամ կոսմետիկ վերանորոգում չի եղել: Եթե այդ կոսմետիկ վերանորոգումը մի կերպ գլուխ բերվեր, աշակերտների գոնե գեղագիտական ճաշակը կզարգանար.
«Պատերը քողարկում ենք գեղեցիկ նկարներով, որպեսզի տեսքը մի քիչ փոխվի»: Դժգոհություն հնչեց, թե կրթության նախարարությունից պահանջում են, որպեսզի մեկ դասարանի աշակերտների թիվը հասցվի 30 հոգու: Եթե սա կյանքի կոչվի, ապա, ըստ մանկավարժի, դա կլինի կրթության վերջը:
Շիրակի մարզպետն իր մտահոգությունն է հայտնել, թե այսօր դպրոցներում ուսման որակն է ընկել: «Պրոբլեմները ժամանակին էլ են եղել, սա նորություն չէ,-ասաց նա,- բայց քանի գնում, դրանք խորանում են: Մասնագետների ոչ պատրաստ լինելը շատ հաճախ մեծ վնաս է հասցնում դպրոցին: Մանկավարժը հաճախ դպրոց է մտնում անպատրաստ: Տնօրենները պետք է մանկավարժների նկատմամբ պահանջկոտ լինեն: Օրիակ՝ առանց կոնսպեկտի դասատուն չգա դպրոց, ուսուցիչը նախօրեին՝ աշակերտի նման պատրաստվի դասին»:
Ֆելիքս Ցոլակյանը այս առիթով նշել է, թե ստաժ ունեցող ուսուցիչը կարող է ասել, թե տիրապետում է ամեն ինչին եւ առարկան լավ գիտի ու կարող է իրեն թույլ տալ ոչինչ չանել, մինչդեռ դարը փոխվել է, կյանքը փոխվել է, ամեն ինչ առաջ է գնում ու չի կարելի ինչ-որ տեղ կանգնել:
«Այսինքն՝ այն մանկավարժը, ով ասում է, թե ամեն ինչ գիտի՝ սխալ է ասում: Իրեն ուղղել է պետք: Ամեն ինչ մեկ-երկու օրվա մեջ հնանում է: Թող դասատուն դասագիրքը բացի ու նայի, անպայման կտեսնի, որ հաջորդ օրվա համար ինքը նոր ասելիք ունի՝ ինքը անպայման կգտնի այն տողերը, որոնք ինքը չէր ասելու՝ մոռացել էր: Ուսուցիչ դասագրքում խորանալու դեպքում, աշակերտին ավելի շատ բան ասելու հնարավորություն կունենա»: Մարզպետը հավելել է, թե կան մանկավարժներ, ովքեր մեկ էլ տեսար զբաղվում են քաղաքականությամբ, դա անթույլատրելի է, դա չէ նրա կոչումը, կարեւորը իսկապես մանկավարժությամբ զբաղվելն է:
Համայնքապետարանում խորությամբ բյուջեին անդրադառնալու առիթ էլ պետք է լինի. «Որեւէ համայնք չի կարող ասել, թե ամբողջությամբ կարողանում է հավաքագրել սեփական եկամուտները, հարկերի հավաքման գործընթացում լիքը թերություններ կան, բացերը չենք կարողանում որեւէ կերպ փակել: Դա ձեռքի ծախսն է, եթե ձեռքդ փող ունես, ուրեմն երբ խոսք է գնում պրոբլեմներից, կարող ես ասել, թե այս կամ այն պրոբլեմն արդեն ի վիճակի եմ լուծել: Դա շատ լավ բան է»:
Մարզպետն անդրադառնալով համայնքապետերի պահվածքին, մի առարկայական օրինակ է բերել: Զրուցել է մի համայնքապետի հետ, ով իրեն ասել է, թե ոստիկանությունը իրեն չի սիրում. «Պատմել է, թե մեկն իրենց գյուղում հայհոյանք էր տալիս: Էդ հայհոյանք տվողին նախատել է, սակայն սա չի լսել: Համայնքապետն էլ բռնել, ծեծել է: Լա՜վ, ջիգյարով պատմում է: Հետո էլ պատմում է, որ իրեն տարել են միլիցիա ու դրանից հետո ոստիկանները սկսել են իրեն չսիրել: Ասացի՝ ծեծելը քո ֆունկցիայի մեջ չի մտնում, դու համայնքի ղեկավար ես: Տղա ջան, էդպես բան չի կարելի անել: Իրեն օրինակ եմ բերում. երբ մարդ ղեկավար է դառնում, պետք պատրաստ լինի, որ հահոյանք տվողները շատանալու են: Եթե պատրաստ չես դրան, ղեկավար մի դառի: Լսելու համբերություն պետք է ունենաս»:
Ֆելիքս Ցոլակյանը մի օրինակ էլ է բերում. «Իրական դեպք է ձեր համերկրացու մասին, անունը չեմ տալիս: Սա իր զոքանչին որեւէ կերպ չէր դիմում: Աներձագին ասում էր՝ մի հատ մորդ ասա շուռ գա, բան եմ ասելու: Մեկ էլ հանկարծ սրան տնօրեն են տալիս: Գնում է տուն, զոքանչին ասում է. «Մամա, հաց դիր, ուտենք»: Զարմանում են, թե էս ի՞նչ է եղել սրան: Նա էլ ասում է, թե հիմա իրեն տնօրեն են տվել՝ մամա քրֆողները շատացել են»:
Տեսանյութը՝ tsayg.am-ի