Ռեինկառնացիա

Դժվար է հասկանալ ընդդիմությանը, որը երբեմն-երբեմն հնչող «ա-ուու՜»-ներին պատասխանում է լռությամբ: Հեշտ չէ հասկանալ նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը նախանձելի համառությամբ շարունակում է նախաձեռնել կլոր սեղաններ ու հրավիրել քննարկումների: Իսկ օգոստոսի 23-ին հրավիրում է Ազատության հրապարակ` արդեն հանրային ժողով-համերգի` նվիրված Անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ անգամ հանրային ժողովին մասնակցող «Ռեինկառնացիա» խմբի երգացանկը չի կարող ապահովել Րաֆֆի Հովհաննիսյանի ռեինկառնացիան:

Նախագահական ընտրություններից մինչև ապրիլի 9-ը մի ժամանակահատված էր, երբ պայքարի մի ձևը` հանրահավաքային ելույթներ, հայրենասիրական կոչեր` վասն հայրենյաց, վերջնականապես ծալեցինք և դրեցինք ոչ պետքական իրերի գզրոցը:

Սերժ Սարգսյանից առավել ձայներ ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը վերջ դրեց խաբկանքի այն փուլին, թե այս համակարգը հնարավոր է փոխել ընտրությունների կամ անգամ հետընտրական մաշող պայքարի միջոցով:
Նախագահական բոլոր ընտրություններից հետո ընդդիմության, քաղաքացիների գործողությունները գրեթե նույն հերթականությամբ հաջորդել են մեկը մյուսին` հանրահավաքներ, նստացույց, բախումներ իշխանության պահապանների հետ:

Թվում էր` Մարտի 1-ը պետք է վերջնականապես փոխեր պայքարի թիրախը և ձևը: Սակայն ամեն անգամ գիտակցաբար կրկնել ենք նույն սխալները, քանի որ գիտեինք մի բան` չպայքարելն ավելի անպատիվ էր, քան պայքարելը: Սխալվելը գործողություն էր, որի ընթացքում փնտրվում էր պայքարի ալտերնատիվ, իրեն արդարացնող ձև: Մաշտոցի պուրակից հետո այն սկսվեց ուրվագծվել: Դա ինքնակազմակերպվող, ո՛չ վերացական, գլոբալ, այլ շատ կոնկրետ նպատակ հետապնդող շարժումներն են` կոնկրետ հաջողություններով ու հաղթանակներով:

Տարիների մեր փորձը ցույց տվեց, որ իշխանությունները վճռական են տրամադրված և պատրաստ են Ուրսուլայից երկարակյաց լինել ու անվերջ զբաղեցնել իշխանությունը: Եվ որ առանց մարդկային զոհերի, ավելի ճիշտ` անգամ մարդկային զոհերի գնով չեն զիջի այն:
Անհրաժեշտ են պայքարի նոր` ալտերնատիվ, իշխանությունների կողմից չհաշվարկված ճանապարհներ: «Վճարում ենք 100 դրամ» ակցիան այդպիսին էր` թարմ իր ձևով, ուներ կոնկրետ նպատակ և հետաքրքրում էր բացառապես բոլորին: Իշխանությունն անմիջապես գտավ շարժումը վարկաբեկելու ճանապարհը. բարձրաստիճան հանրապետականները սկսեցին գորովանքով խոսել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների մասին` վստահ, որ այդպիսով վնասում են նրանց հեղինակությանը: (Այդպես օրեր առաջ Սերժ Սարգսյանը բազեականների առաջ բացեց իր սիրտը, թե իր համար Ադրբեջանի նախագահի նախընտրելի թեկնածուն Իլհամ Ալիևն է):

Իշխանությունների ջերմ խոսքերը` ուղղված քաղաքացիական հասարակությանը, ունեցան իրենց պտուղները. վերլուծություններ եղան, թե այդ շարժումն ուղղորդված է իշխանությունների կողմից, բլա-բլա-բլա:

Իսկ այդ դեպքում ի՞նչ է այն, ինչ երեկ տեղի ունեցավ Կոմիտաս 5 հասցեում: Այստեղ փորձ է արվում կառուցել այն բարձրահարկերից մեկը, որ վերջին մի քանի տարիներին կառուցվեցին երևանյան գրեթե բոլոր բակերում, ուր խաղահրապարակները դարձան ավտոտնակներ ու բարձրահարկեր: Կոմիտաս 5 հասցեի բնակիչները չեն պատրաստվում դա հանդուրժել: Նրանց են միացել նաև ակտիվ քաղաքացիները: Աշխատում է պայքարի նույն միջոցը` բնակիչները բողոքում են, դուրս են եկել փողոց, այնտեղ են ոստիկանները, որոնք ամեն գնով փորձում են խոչընդոտել քաղաքացիների ընդվզումը: Եվ ահա, լուր է տարածվում, թե ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը պահանջում է տարածքից հանել շինտեխնիկան, հակառակ դեպքում կկտրի երակները: Երիտասարդը դիմում է հուսահատ քայլի ու կտրում երակըգ

Արդեն պատմության մյուս մասն է, որ, բարեբախտաբար, հաջողվել է նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ և այլն: Խնդիրն այլ է. որ իշխանությունների անտրամաբանական, իռացիոնալ գործողությունների դեմ պայքարը ևս տեղափոխվում է իռացիոնալ, անկանխատեսելի դաշտ:
Առջևում սեպտեմբերն է: Կուսակցությունների խոստացած թեժ աշունն այլևս հետաքրքիր չէ: Փոխարենը բուհերում ուսման վարձի բարձրացումը սեպտեմբերին կարող է թեժ աշնան սկիզբը դառնալ: Անհնազանդության է ստիպում դիմել նաև իշխանությունների հերթական չմշակված, ոչ գրագետ քայլը վճարովի կայանատեղերի մասին:
Խորհրդարանում ունենք պատգամավորներ, որոնք կարող են հասարակական դժգոհությունը տեղափոխել խորհրդարան, սակայն մեր ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը խլացնում է ընդդիմադիրների ձայները:

Այնպես որ, կարծիքը, թե «Ժառանգության», ՀԱԿ-ի, անգամ ՀՅԴ-ի ներկայությունը խորհրդարանում փողոցային պայքարը կտեղափոխի խորհրդարան, կարծես թե չի արդարանում: Պայքարը տեղափոխվելու է այնտեղ, որտեղ կարմիր գծիկներով առանձնացված են վճարովի կայանատեղերը, բակեր, ուր ոտնահարվում են բնակիչների իրավունքները, բուհեր, ուր ուսանողներին ստիպում են թանկ վճարել ուսման համար` չհաշվարկելով, թե կոնկրետ եկամտի որ աղբյուրից պետք է վճարվի գումարը:

Կարճ ասած` պայքարը շարունակվելու է դարձյալ փողոցում: Սակայն արդեն առանց պաթետիկ ելույթների ու մարդկանց էներգիան վատնող հանրահավաքների, ուր կարելի է լսել «Ռեինկառնացիա»: Բայց «Ռեինկառնացիան» ևս ունի այլընտրանք, որի անունն է Բոբ Մառլի…
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս