
Քարաթափումները Լոռիում անպակաս են (լուսանկարներ)

Լոռու մարզում գրեթե ամեն ամիս քարաթափումներ են լինում, որոնք, բարեբախտաբար, ողբերգական ավարտ չեն ունենում: Առավել վտանգավոր են մարզի Վանաձոր-Ալավերդի և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները: Հարցն ավելի է սրվում հատկապես տեղումնառատ օրերին, երբ անձրևաջրերը թուլացնում են քարերը և հսկա ժայռաբեկորներն ընկնում են ճանապարհների վրա՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Լոռու մարզային փրկարարական վարչության և ճանշինի աշխատակիցների համատեղ ուժերով ճանապարհը մաքրվում է, սակայն եղել են դեպքեր, երբ ճանապարհը մաքրելուց ժամեր անց նույն այդ վայրում կրկին քարաթափումներ են գրանցվել:
Քարաթափումների դեմն առնելու, առավել վտանգավոր հատվածներն անվտանգ դարձնելու համար մասնագետները իրատեսական ոչինչ չեն կարողանում նշել: Նրանց համոզմամբ՝ կամ պետք է պայթեցումներ անել, կամ էլ հեռացնել վտանգավոր քարերի մեծ բեկորները: Լավագույն դեպքում պետք է մետաղյա ցանցերով պատել այդ ճանապարհահատվածները, ինչը, սակայն, մեծ գումարների հետ է կապված: Ի դեպ, այս տարի քարաթափումների բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև երկաթգծի թունելներում: Քարաթափումներն այս դեպքում լուրջ վտանգ են հանդիսանում երկաթգծի աշխատակիցների և երկթաթուղու համար:
Լուսանկարները` հեղինակի