Բաժիններ՝

Ի՞նչ եղան տրանսպորտի գնի մասին հանրային քննարկումները. Հասարակությունն ու քաղաքապետարանը սպասում են հակառակ կողմի առաջին քայլին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 25-ի 3723-Ա որոշմամբ կասեցրեց հուլիսի 19-ի «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» N3661-Ա որոշման գործողությունը և քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին հանձնարարեց կազմակերպել հանրային քննարկումներ: Քաղաքապեարանի մոտ մի խումբ ակտիվիստներ շարունակում են իրենց բողոքն ու պահանջում որոշ պաշտոնյաների հրաժարական:Սակայն մինչ օրս ոչ մի հայտարարություն կամ որևէ շարժ չի եղել քննարկումների իրականացման ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ հայտերի ընդունման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է: Սակայն, ըստ նրա, մինչ այս «մյուս կողմը շատ պասիվ է»: Հարցին՝ ովքե՞ր են արդեն դիմումներ ներկայացրել, նա պատասխանեց, որ համապատասխան բաժնում այդ հարցի կապակցությամբ «որոշակիություն չտվեցին, ասացին՝ ընթացքի մեջ է, լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք»: Ըստ Գևորգյանի՝ կարող են մասնակցել ակտիվիստների, ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր հաշվարկներ էին անում, թե որն է տրանսպորտի լավագույն գինը:

Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր գրությանն ի պատասխան քաղաքապետարանից իրենց պաշտոնապես հրավիրել են մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Նա նաև նշեց, որ այժմ իրենք նախապատրաստում են իրենց պատասխանի տեքստը, որը շուտով կհրապարակեն:

Տրանսպորտի գնի հետ կապված հաշվարկներ էր ներկայացրել նաև «Հասարակական պաշտպանների» միությունը, որի նախագահ Արամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը քաղաքապետարանից հրավերք չի ստացել և ոչ էլ հայտարարություն է եղել հայտեր ներկայացնելու:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հավանաբար քաղաքապետարանում տեղյակ չեն, որ ՀՀ-ում գոյություն ունի հանրային քննարկումների իրականացման ընթացակարգ, որը հաստատված է կառավարության 2010 թ.-ի մարտի 25-ի N 296-Ա «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» որոշմամբ: Իսկ համաձայն նույն ընթացակարգի՝ նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի (եթե, ըստ նախագիծը մշակող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ:

«Իսկ, թե ինչո՞ւ մինչ օրս չեն իրականացվել այս աշխատանքները, պարտավոր է պատասխանել քաղաքապետը»,- ասաց Բ.Պիպոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս