Ինչո՞ւ են շատացել ամուսնալուծությունները. Պարզաբանում է մասնագետը

Վերջերս Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն՝ 2013 թվականի առաջին կիսամյակում ամուսնալուծությունների թիվն աճել է 14,2% ով, գրանցվել է 1822 դեպք:

Կոտայքի մարզում ապահարզանների թիվն աճել է շուրջ 10%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 66 ապահարզանի դեպք, իսկ անցյալ տարի 118 դիմում է բավարարվել: Ընդ որում, ապահարզանի տասնյակ դեպքեր դեռևս դատական ընթացքում են գտնվում և սովորաբար դրանց 90%-ը բավարարվում է:
Ամուսնալուծությունների թվի ավելացման պատճառների մասին 168.am-ը զրուցեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Աբովյանի վերականգնողական կենտրոնի և «Սատար» հոգեբանական կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանի հետ:

– Բաժանությունների թիվն ինչո՞ւ է ավելանում և որո՞նք են հիմնական պատճառները:

Narine Abrahamyan-hogeban– Ամուսնալուծության պատճառները բազմաթիվ են: Սովորաբար, ամուսնությանը նախապատրաստվելը զույգերի կողմից չի դիտարկվում որպես լուրջ,  կարևոր գործոն: Սովորաբար երկու տեսակի ամուսնություններ են լինում՝ մեկը, երբ զույգը որոշ ժամանակ հանդիպում է, կայանում է  որպես զույգ, և երկրորդը, երբ շատ արագ, առանց որոշակի հոգեբանական էտապներ անցնելու՝ ամուսնանում են: Նախքան ամուսնանալը պետք է հաշվի առնել որոշ կետեր, որոնց համապատասխանելու դեպքում զույգերը կարող են հանգիստ լինել ապագայի հարցում: Այդուհանդերձ, եթե ընթերցողների մեջ լինեն մարդիկ, ովքեր այս իմաստով չեն համապատասխանել, բայց նորմալ ընտանիք են կազմել, թող չանհանգստանան, որովհետև ամեն ինչ, այնուամենայնիվ մարդկանց ձեռքերում է:
Առաջին կարևոր պայմանը՝ զույգը պետք է ճանաչի միմյանց ոչ պակաս, քան 6 ամսից  մինչև 3 տարի: Սովորաբար յուրաքանչյուր մարդ շփման սկզբնական շրջանում փորձում է ներկայանալ միայն դրական կողմերով,  փորձում է շահել դիմացինի վստահությունը, հաճոյանալ նրան: Ժամանակի ընթացքում բացահայտվում է մարդկանց ավելի ամբողջական, իրական կերպարը:

Կարդացեք նաև

Ամուսնության որոշում կայացնելուց առաջ զույգը ցանկալի է, որ հանդիպի նվազագույնը 6 ամիս և ոչ ավել, քան 3 տարի: Առհասարակ, ծայրահեղությունների մեջ ընկնել պետք չէ, ոչ շատ արագ է պետք ամուսնանալ, ոչ էլ հետաձգել: Թեև վստահ եմ, որ կլինեն զույգեր, ովքեր շատ կարճ ժամանակահատվածում ամուսնացել են ու կազմել ամուր, երջանիկ ընտանիք: Այս դեպքում կարելի է խոսել կայացած անհատների միության մասին:

– Բայց  նույն  հոգեբանները պնդում  են նաև,  որ սերն ապրում է 3 տարի:

– Ես չեմ ընդունում, որ սերն ապրում է 3 տարի: Ո՞վ է չափել և ինչպե՞ս: Պարզապես տարիների ընթացքում սերը որակական փոփոխության է ենթարկվում: Եթե մարդիկ 3 տարի  շփվում են միմյանց հետ և հասկանում են, որ համատեղ կյանքն անհնարին կլինի՝ ուրեմն շարունակելն անիմաստ է, որովհետև հետագայում մեղադրելու են իրենք իրենց կամ կողակցին, որ անիմաստ ժամանակ են ծախսել: Եթե, իհարկե, ամուսնությունը հաշվարկով չի արված:

Երկրորդ. միևնույն  ոլորտի, դասի մարդիկ ավելի համատեղելի են:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ միևնույն ոլորտի, դասի մարդիկ առավել համատեղելի են: Խոսքը՝ ոչ թե հասարակական դիրքի կամ ունեցվածքի մասին է, այլ մարդկանց ընդհանուր  արժեքային համակարգի: Եթե մեկը գնահատում է բարեկեցությունը, լավ աշխատանքը, լավ մարդկանց հետ շփվելը, իսկ մյուսը նախընտրում  է «մեկ օրով» ապրելը, ապա այդ զույգերը երկար չեն կարող ապրել միասին:
Երրորդը. կարևոր է  զույգերի ծնողների մոտ կամ հեռու ապրելը: Երբ զույգերի ծնողները մոտ են ապրում, ապա այսպես, թե այնպես միջամտում են նոր կազմավորվող ընտանիքի կյանքին: Ծնողները պետք է հասկանան, որ շատ հարցեր, խնդիրներ զույգերն ինքնուրույն պետք է հաղթահարեն, որպեսզի կայանան որպես ընտանիք: Պարտականությունների ու բեռի մեծ մասը վերցնելով՝ օգնություն չեն ցուցաբերում: Անխոս, ծնողներին պետք է սիրել, հարգել, պատասխանատվության զգացում ունենալ նրանց նկատմամբ: Առավել հասկանալի է ծնողների հոգատարությունն ու ուշադրությունը երիտասարդ ընտանիքի նկատմամբ: Սակայն անհրաժեշտ է գիտակցել ինքնուրույնության և նոր սերնդին սեփական կյանքի համար պատասխանատվության զգացմունքի փոխանցման կարևորությունը:

Չափից ավելի, նույնիսկ դրական միջամտությունը, հավասարազոր է բացասական միջամտությանը, որը խանգարում է նորաստեղծ ընտանիքի կայացմանը և կարող է բաժանությունների պատճառ դառնալ: Ես մի դրական օրինակ ունեմ իմ աշխատանքային պրակտիկայում՝ զույգն ամուսնացավ, աղջկա հայրը մեծահարուստ էր, բայց ոչ մի կերպ չնպաստեց, որ աղջկա ընտանիքն անմիջապես բարգավաճի: Նա հնարավորություն տվեց, որպեսզի փեսան աստիճանաբար աշխատելով հասնի բարձունքի: Աղջիկը սկզբում չէր հասկանում հոր վարքագիծը, նույնիսկ նեղվում էր, վիրավորվում, սակայն ժամանակի ընթացքում կարողացավ ըստ արժանվույն գնահատել ծնողի այդ քայլը: Դժվարությունների հանդիպելիս ծնողները ոչ թե պետք է երիտասարդների փոխարեն լուծեն խնդիրները, այլ աջակցեն նրանց՝ ինքնուրույն ելք փնտրելու հարցում: Միայն այդ դեպքում երիտասարդ ընտանիքը կյուրացնի դժվարություններ հաղթահարելու հմտությունները:
Մինչև 20 տարեկան հասակում ամուսնությունները ցանկալի չեն: Մինչև 20 տարեկան հասակում ամուսնությունները խարխլման վտանգի առջև կարող են կանգնեցնլ նորաստեղծ ընտանիքին: Խոսքը հատկապես տղաների մասին է, որովհետև չմոռանանք, որ աղջիկներն իրենց հասակի տղաներից երկու տարով ավելի հասուն են:

– Առավել տարիքով մարդիկ այս պահին կհիշեցնեին, որ ժամանակին աղջիկներին 12 տարեկանից էլ էին կնության վերցնում և շատ ամուր ընտանիք էին կազմում:

– Մեր հին հայկական ավանդական ընտանիքը, վստահ եմ, եղել է մեր ազգի պահպանման՝ եթե ոչ միակ, ապա կարևորագույն գործոններից մեկը: Սակայն թյուր կարծիք է համարել, որ այդ տարիքի աղջիկներին ավանդական  իմաստով են կնության տվել:  Իմ տատիկն էլ է ամուսնացել 12 տարեկանում, սակայն նրան մինչև 17 տարեկան պահել են որպես դուստր և միայն այդ տարիքում նա դարձել է իր ամուսնու կինը, երեխաներ ունեցել: Հաշվի առեք թե հոգեկան, և թե ֆիզիկական զարգացվածության աստճանը: Որքա՞ն խելամիտ եք համարում նման ամուսնությունը: Ընտանիքի կայացման ու պահպանման հարցում կարևոր գործոն է ամուսնական կյանքը սկսել առանց նախապաշարումների՝ նոր ընտանիքի անդամների, նրանց ավանդույթների, նրանց սոցիալական դերերի վերաբերյալ: Խոսքը այնպիսի ընդհանրացումների մասին է, ինչպիսիք են՝ «Բոլոր հարսներն այսպիսին են», և այլն:

Բացասական համոզմունքներով ու նախապաշարումներով, վատ արարքների ու չարամտության մեջ միմյանց կասկածելով դժվար է առողջ ու կայուն ընտանիք ստեղծելը: Շատ կարևոր կետերից է. ընտանիքի անդամների համատեղ ժամանց, սովորություններ ու զվարճություններ ունենալը:
Մենք հաճախ շատ ժամանակ ենք հատկացնում արտաքին տեսքին, մեր կարիերայի զարգացմանը, մեր բազմաթիվ կարողությունների ու հմտությունների զարգացմանը, սակայն մոռանում ենք, որ սերը, ներընտանեկան կյանքը  ամենօրյա խնամք, ջանք, հոգածություն, ուշադրություն պահանջող երևույթներ են: Եվ այդ ամենն  ավելի կարևոր է մեր կյանքում: Ընտանիքի անդամները պետք է համատեղ ժամանց ունենան, և, հավատացեք, ֆինանսական միջոցներն այդքան էլ էական չեն: Օրինակ, միասին ձեռք ձեռքի բռնած զբոսնելու համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր մտքի ծայրով մտածում են ապահարզանի մասին:

– Մի խնայեք ոչ մի ջանք ձեր ընտանիքը փրկելու համար: Մի՛ հուսահատվեք ու մի՛ հանձնվեք: Եթե ինքնուրույն չի հաջողվում հաղթահարել դժվարությունները, դիմեք համապատասխան մասնագետի: Համոզվեք, որ բոլոր միջոցներին դիմել եք, հնարավոր ամեն ինչ արել եք՝ պահպանելու համար ձեր ընտանիքը: Վերհիշեք ձեր համատեղ կյանքում եղած յուրաքանչյուր դրական դեպք, լավ իրադարձություն,  ձեռքբերում: Ամուսնալուծությունից հետո նոր կարգավիճակի թվացյալ շահերն անզոր են փոխարինելու ընտանեկան կյանքի վայելքներին:

Տեսանյութեր

Լրահոս