Բաժիններ՝

Լեռնամերձ գյուղը հիշում են Լենինի կիսանդրու շնորհիվ (տեսանյութ, լուսանկարներ)

Լեռնամերձը Արմավիրի մարզի ամենայուրահատուկ գյուղերից է: Խնդիրներն այստեղ նույնն են, ինչ մնացյալ գյուղերում` սարսափելի ճանապարհներ, աշխատատեղի բացակայություն, չմշակվող հողեր, ջրի բացակայություն, տարեցտարի աճող արտագաղթ ու ծնունդների նվազում: Հսկայական խնդիրներին զուգահեռ գյուղն առանձնանում է. Լեռնամերձին հարակից այլ գյուղերի բնակիչները կատակով ասում են, որ գյուղը կյանքից 25 տարի հետ են ընկել ու իրենց մոտ դեռ «խորհրդային կարգեր» են: Խորհրդային կարգեր, որպես այդպիսին, գյուղում պաշտոնապես չկան, սակայն խորհրդային միության և առաջնորդի պաշտամունք` որքան ուզես:

Ընդամենը թվով 430 բնակիչներ ունեցող համայնքի խորհրդանիշը սոցիալիստական հեղափոխության առաջնորդ, առաջին բանվորագյուղացիական պետության,  Խորհրդային կարգերի հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենինի կիսանդրին է: Կիսանդրին Լեռնամերձում է 1998 թվականից, գյուղացիներն անգամ կիսանդրու պաշտոնական բացման օրն են հիշում` նոյեմբերի 6-ը: Հիշում են նաև, թե ի՞նչ պայմաններում է արձանը գյուղ հասել:

«Երբ Էջմիածին քաղաքի մշակույթի տան մոտից արձանն ապամոնտաժվեց, այն տեղափոխեցին կոլտնտեսության  կալեր կոչվող վայր. կիսանդրին այդպես էլ թափոն կմնար կամ կժանգոտեր, եթե Լեռնամերձի տղամարդիկ կալերից չվերցնեին ու գյուղ չբերեին»,- պատմում են բնակիչները: Սա պատմություն է, որ գիտեն գյուղի բոլոր բնակիչները: Այդ օրվանից կիսանդրին գյուղի թալիսմանն է դարձել. բոլորը ժամադրություններն ու հանդիպումներն այդ արձանի հարևանությամբ են տեղի ունենում:

Lernamerdz0

Կարդացեք նաև

Lernamerdz01

Լեռնամերձում խորհրդային կարգերին ու այն թվերին երանի են տալիս ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, այլև անկախ Հայաստանի սերունդը: Ռոմանը թեպետ 13 տարեկան է ու խորհրդային կարգերի փլուզումից հետո է ծնվել, սակայն գրեթե ամեն ինչ գիտի կոմունիզմի մասին: Ռոմանը հավաստիացնում է, որ իր բոլոր ընկերները խորհրդային միության համակիրներ են, տարեցներից շատ են լսել պատմություններ ու հիանում են «ընկեր Լենինի կենսագրությամբ»: Եթե շատ երեխաներ այդ տարիքում երազում են ջրաշխարհի, կենդանաբանական այգու կամ Դիսնեյ լենդի մասին, Ռոմանի երազանքը Լենինի դամբարան այցելությունն է: Պապիկն է պատմել, որ բոլոր ժողովուրդների բարեկամ Լենինը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Կարմիր հրապարակում: «Մահվանից հետո նրան չեն թաղել՝ ի նշան երախտիքի և հարգանքի»,- պապու խոսքերն է կրկնում Ռոմանը ու հավելում, որ իրենք էլ կարողացել են վերադարձնել սոցիալիզմի գաղափարը, ինչը վեհ է, ամեն ինչից առավել ու արժանի հարգանքի:

Ազատ Բարսեղյանը  ժամերով կարող է պատմել սոցիալիզմի, Լենինի մեծության և այն «հրաշալի ժամանակահատվածի» մասին, որ կոչվում էր խորհրդային կարգեր: Բարսեղյանը երանությամբ է հիշում ու հույս փայփայում, որ մի օր նախկին կարգերը կվերականգնվեն ու իրենք կրկին կապրեն անհոգ, երջանիկ ու բոլորը համախմբված կլինեն մեկ գաղափարի շուրջ: Ազատ պապը հավաստիացնում է, որ եթե Խորհրդային միության վերականգնման խոսակցություն առաջանա, ապա իրենց գյուղում գրեթե բոլորը ոտքի կկանգնեն ու կքվեարկեն կոմունիզմի օգտին, իսկ մինչ այդ, նրանք խնամքով պահպանում են Լենինի կիսանդրին և ոգևորությամբ այն ներկայացնում գյուղ  այցելած հյուրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս