ՌԴ-ն Երևանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չի համարում

Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում»-ի ընթացքում։

«Դա ողբերգություն չէ (խմբ․ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը), կազմակերպությունը (խմբ․ ՀԱՊԿ) շարունակում է աշխատանքը»,- ընդգծել է Պանկինը։

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանն այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս