Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել, 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ի երեկոյան Ջաբալիայի ճամբարում: Իսրայելական զորքերը տվյալ հատված էին վերադարձել այս շաբաթ՝ ավելի վաղ հեռանալուց հետո, քանի որ, ըստ ԻՊԲ-ի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը սկսել էր վերախմբավորվել այնտեղ։
ԻՊԲ-ն հայտնել է, որ «մեր ուժերի կողմից բացված կրակի հետևանքով» զոհվել է 202-րդ գումարտակի դեսանտային բրիգադի 5 զինծառայող։
Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ տարածքում գտնվող երկու տանկեր երկու արկ են արձակել Ջաբալիայի փախստականների ճամբարի շենքերից մեկի վրա, որտեղ հավաքվել էին զինվորները։ Ըստ հետաքննության՝ տանկիստները շենքի պատուհաններից մեկից նկատել են հրացանի փող և կրակել են այդ ուղղությամբ։
Վիրավոր 7 զինվորներից 3-ի վիճակը ծանր է։
Այսպիսով, հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սկսված պատերազմի ընթացքում Գազայի հատվածում զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 278-ի։ Նրանցից 44-ն, ըստ ԻՊԲ-ի կայքի, զոհվել է «օպերացիոն միջադեպերի պատճառով»։ Եվս 348 զինվորներ այն 1200 զոհերի շարքում էին, որոնց սպանել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։
Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, զոհվել է ավելի քան 35 200 մարդ։