Վրացական ծովափն իր գրավչությունը չի կորցնում հայերի համար
Այս տարի հանգստի նպատակով Վրաստան մեկնող հայերի թիվն ավելացել է: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Ճամփորդական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, թեև թվական տվյալներ դեռ չկան, բայց հարցումների, հետաքրքրվողների քանակից ելնելով` կարելի է ասել, որ Սև ծովի վրացական ափն իր գրավչությունը չի կորցնում հայերի համար:
«Մեր ուսումնասիրություններով՝ այս տարի անցած տարվա համեմատ Ծաղկաձորում և Աղվերանում զբոսաշրջիկներն ավելի քիչ են, հյուրանոցներում ազատ տեղերը շատ են: Ծաղկաձորում շատ փոքր կացարաններ ու հյուրատներ են բացվել, բայց մեծ աշխուժություն չկա: Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ շարունակում է թանկ մնալ և ամենամոտ ու էժան այլընտրանքը մնում է Վրաստանը»,- ասաց Ե.Թանաշյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանից Վրաստան այցելուների թիվն այնքան մեծ է, որ նույնիսկ Georgian Airways ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթ բացել: