«Քաղաքականությունը չափից դուրս լուրջ միջավայր է, և չի կարելի դրանով «ձեռքի հետ» զբաղվել»
«Կարծում եմ` Տարոն Մարգարյանը պարտավոր էր և արեց, այսպիսի մասսայական բողոք արհամարհելն առնվազն, շատ մեղմ ասած, վիրավորանք կլիներ: Կարծում եմ` որոշումը ժամանակավոր է, իսկ եթե ոչ, ապա այլ տեղից կհարվածեն:
Իսկ ժողովուրդն իսկապես ի վիճակի չէ 150 դրամ վճարել, միայն թե սա իշխանությունները հազիվ թե հասկանան: Ժողովուրդն արդեն ի վիճակի չի դիմանալ այս ամենին, մարդիկ չեն ապրում, ընդամենը գոյատևում են, օր են սպանում»,- անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերանայման որոշմանը` 168.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Լուսինե Բադալյանը:
Վերջինիս խոսքով` երիտասարդությանն արդեն դժվար կլինի կանգնեցնել, ու, «եթե սա իշխանությունները հասկանան, կխուսափեն բազմաթիվ խնդիրներից»:
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի համար էլ սպասելի էր քաղաքապետի որոշումը. «Անկեղծ ասած` ես սպասում էի այդ որոշմանը, բայց չեմ կարող ասել, որ այդքան շուտ: Ինձ թվում էր՝ դեռ մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ պետք կլիներ, բայց ավարտն այսպիսին պիտի լիներ հաստատ»:
Մեր այն դիտարկմանը, որ այսօր շատերը պահանջում են քաղաքապետի հրաժարականը, և արդյոք ռեժիսորի կարծիքով՝ Տարոն Մարգարյանը հրաժարական կտա՞, Սուրեն Թադևոսյանը պատասխանեց.
«Այստեղ մենք մոտեցանք ինձ համար ամենացավոտ ու ոչ միանշանակ թեմային: Ես բազմիցս ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ոչ մեկից չեմ վախենում, չեմ ամաչում, ուղղակի կարծում եմ, որ քաղաքականությունը չափից դուրս լուրջ միջավայր է, և չի կարելի դրանով «ձեռքի հետ» զբաղվել: Ինձ մոտ առաջին օրից եղել է այն մտավախությունը, որ այս մաքուր ու հզոր շարժմանը կփորձեն միանալ ինչ-ինչ ուժեր, քաղաքականացնեն այն, և իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դրանով հարամ անեն: Քաղաքապետի, նախագահի և էլի ինչ-որ պաշտոնյաների հրաժարականները միգուցե կունենան իրենց դրական կողմերը, բայց 100%-ով համոզված եմ, որ կունենան նաև բացասական կողմեր: Ոչ մեկի խորհուրդներ չեմ տալիս, ուղղակի ես քաղաքականության մեջ, ինչպես միշտ, չեմ ուզում մտնել, չեմ ուզում, որ իմ անունն օգտագործեն: Ես ցանկացած պահին իմ ժողովրդի կողքին եմ, ցանկացած քաղաքացիական շարժման մեջ եմ, բայց ոչ քաղաքական»: