Մեղադրվում է իր զինծառայողների ամսական հասանելիք գումարի մի մասը հավաքելու մեջ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 29-ին տեղի կունենա ՊՆ N զորամասի զինծառայողի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex տեղեկատվական համակարգից, Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011-ի մայիսից մինչև 2012-ի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս իր ենթակա վաշտի զինծառայողներից հավաքել է ամսական հասանելիք դրամական բավարարումների մի մասը` չթողնելով, որ վերջիններս անձնական հայեցողությամբ օգտագործեն և տնօրինեն այն: Ըստ մեղադրական եզրակացության՝ արձակուրդ գնացող զինծառայողներին Վ. Ա.-ն կարգադրել և նրանց արձակուրդից վերադառնալուց հետո մի ամսից ստացել է տարբեր կենցաղային պարագաներ` ընդհանուր վաշտի և իր աշխատասենյակի օգտագործման համար:

«Բացի այդ, 2012-ի փետրվարին զորամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Տ. Տ.-ի կողմից մարտական դիրքի կրակի քարտը սխալ գծելու և այդ առիթով գումարտակի շտաբի պետ Հ. Ա.-ի կողմից դիտողության արժանանալու համար ծեծի է ենթարկել Տ.-ին:
Բացի այդ, 2012-ի մարտին ժամկետային զինծառայող Տ. Տ.-ին մեղադրել է դաշտային հեռախոսը փչացնելու մեջ, որի համար կարգադրել է ծնողներից գումար խնդրել և ծնողների կողմից ուղարկված 20 000 ՀՀ դրամ գումարով գնել է նոր դաշտային հեռախոս:
Բացի այդ, 2012-ի  ապրիլի 21-ին տարածքի մաքրման աշխատանքներին չմասնակցելու համար, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ժամկետային զինծառայող Գ. Մ.-ին, որի ընթացքում հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործով դատավորը Դավիթ Գրիգորյանն է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս