Էրդողանը զգուշացրել է Սիրիայի քրդերին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի քրդերին կոչ է արել զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ուժի միջոցով որևէ ինքնավար կազմավորում ստեղծելուց: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նրանց զգուշացրել է խուսափել ամեն տիպի «սխալ ու վտանգավոր» քայլերից, որոնք կարող են վնասել Թուրքիայի անվտանգությունը:

Այս նախազգուշացումն արվել է Ստամբուլում, ուր անսպասելի այցով Էրբիլից (Հյուսիսային Իրաք) ժամանել է PKK-ի սիրիական թև համարվող Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ղեկաբար Սալեհ Մուսլիմը:

Վերջինս նախորդ շաբաթ հայտարարել է, որ Սիրիայի քրդերը հանդես են գալիս մինչև քաղաքացիական պատերազմի ավարտը քրդաբնակ շրջաններում ազգային խորհրդի ստեղծման օգտին, ինչն անհանգստացրել է Անկարային:

Թուրքիան ցանկանում է PYD-ից հավաստիացումներ ստանալ, որ նա չի սպառնա Թուրքիայի անվտանգությանը, ուժային ճանապարհով չի ստեղծի ինքնավար մարզ Սիրիայում, և որ նա չի համագործակցի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հետ: Թուրքիայի արտգորրծնախարար Ահմեթ Դավութօղլուի խոսքերով՝ իրենք հենց այս երեք ակնկալիքներն ունեն Սիրիայի քրդերից:

Տեսանյութեր

Լրահոս