ԵԱՀԿ-ը փաստացիորեն դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում. Haqqin.az

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Բաքվում գործող ԵԱՀԿ-ի գրասենյակը ստացել է նախագծերի կոորդինատորի կարգավիճակ: Տվյալ որոշումը ձեռք է բերվել ԵԱՀԿ մասնակից երկրների Մշտական խորհրդի նիստում:

Նախագծի կոորդինատորի նոր մանդատն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: Գրասենյակի ղեկավարը կդառնա նախագծերի կոորդինատոր: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է տվյալ որոշումը:

Նշվում է, որ ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի փոփոխումը եղել է Ալիևի կառավարության գլխավոր պահանջներից մեկը: Արդեն կես տարի է, ինչ թեժ քննարկումներ են ծավալվել այդ պահանջի շուրջ, ինչին հիմնականում ընդդիմացել են ամերիկացիներն ու ադրբեջանական ընդդիմությունը:

Սակայն Ալիևի կառավարությունը տվյալ հարցում հասավ իր նպատակին. ԵԱՀԿ-ը փաստացիորեն դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում՝ իր գրասենյակը նվազեցնելով մինչև նախագծերի կոորդինատորի մակարդակի:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ին Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը դիմել էր ԵԱՀԿ-ին՝ առաջարկելով նվազեցնել Բաքվի գրասենյակի կարգավիճակը: Դրանից երկու ամիս անց ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յան Քելին, Վիեննայում ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հայտարարել էր.

«Բաքվի այդ առաջարկն անընդունելի է: Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը կարևոր աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը և կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը՝ հենված բարեփոխումների սկզբունքների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս