ԱՄՆ-ն անընդունելի է համարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը նվազեցնելու մասին Ադրբեջանի առաջարկը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յան Քելին պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ուղերձին, որում առաջարկվում է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կարգավիճակը նվազեցնել մինչև նախագծերի նկատմամբ դիտորդի կարգավիճակը:

Մայիսի 14-ին Վիեննայում ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ Քելին հայտարարել է, որ Բաքվի այդ առաջարկն անընդունելի է. «Մենք ցանկանում ենք Ադրբեջանը տեսնել որպես հաջող, ժողովրդավարական, բարգավաճող և ինքնիշխան երկիր:

Դրա համար էլ իմ կառավարությունը մտահոգված է այս տարվա բողոքի ակցիաներին իշխանությունների ցուցաբերած արձագանքից՝ ներառյալ ընդդիմադիր ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունները, Ազատ մտածելակերպի համալսարանի փակումը:

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը կարևոր աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը և կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը՝ հենված բարեփոխումների սկզբունքների վրա:

ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ներկայիս մանդատին ու աշխատանքին: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կապահովի ԵԱՀԿ-ի հուսալի ներկայություն՝ բոլոր ուղղություններով և ադրբեջանական հասարակության ողջ շրջանակի հետ աշխատելու համար:

Մենք համառորեն Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ Բաքվի կողմից բարձրացված հարցերի լուծման համար: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը կհրավիրի հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահական ընտրություններին»:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ին Էլմար Մամեդյարովը դիմել էր ԵԱՀԿ-ին՝ առաջարկելով նվազեցնել Բաքվի գրասենյակի կարգավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս