Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» մտադիր է Սիրիայի հյուսիսում ստեղծել իսլամական պետություն. Asharq Al Awsat

Արաբական Asharq Al Awsat պարբերականի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը մտադիր է մոտ ժամանակներս Սիրիայի հյուսիսում իր զինյալների ենթակայության տակ գտնվող շրջաններում հայտարարել իսլամական պետության ստեղծման մասին:

Այս մասին պարբերականին հայտնել է Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) ներկայացուցիչը: Պարբերականի տվյալներով՝ «Ալ-Քաիդայի» զինյալները մտադիր են Սիրիայի հյուսիսից ուժով դուրս մղել կառավարական զորքերի դեմ հանդես եկող ՍԱԲ-ին և զավթել թուրք-սիրիական սահմանի անցակետերը:

Դրանով իսկ իսլամիստները փորձելու են ամբողջովին իրենց վերահսկողության տակ առնել Թուրքիայից զենքի ու զինամթերքի ներհոսքը, ինչպես նաև այն ֆինանսական միջոցների ներհոսքը, որոնք վճարվում են սիրիական նավթի մաքսանենգ վաճառքի համար:

ՍԱԲ-ը հայտարարել է, որ երկրորդ ճակատի բացումն անխուսափելիորեն կթուլացնի ապստամբներին վարչակարգի դեմ նրանց պայքարում: Միևնույն ժամանակ ՍԱԲ-ն ամրապնդում է իր դիրքերն այն շրջաններում, ուր հնարավոր է՝ գրանցվեն իսլամիստների հարձակումներ:

ՍԱԲ-ի կանխատեսմամբ՝ «Ալ-Քաիդայի» զինյալներն ակտիվ գործողություններ կձեռնարկեն Ռամադանի ավարտից (օգոստոսի 8-9) անմիջապես անց:

Հիշեցնենք, որ սրանից առաջ նշվում էր, թե «Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամիստական խմբավորումների զինյալները սպանել են ՍԱԲ-ի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում նաև մեկ դաշտային հրամանատարի, ինչից հետո ՍԱԲ-ը պատերազմ է հայտարարել «Ալ-Քաիդային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս