Ֆիլմ՝ կորստի մասին
Օրերս «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմը: Հայաստանում այն առաջին անգամ էր ցուցադրվում: 168.am-ը հանդիպել և զրուցել է ֆիլմի ռեժիսորի հետ:
– Թամարա, վերջապես «Անթեղը» Հայաստանում ցուցադրվեց: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ ապրումներ ունեցաք:
– Ճիշտն ասած, խառն ապրումներ եմ ունեցել: Ֆիլմը ցուցադրվել է չորս անգամ, և ամեն անգամ գրեթե մարդաշատ դահլիճ է եղել: Մարդիկ ֆիլմը շատ հետաքրքիր ձևով են ընկալում, որից ինչ-որ տեղ վախենում էի: Ինչ էլ լինի, երբ քո ժողովուրդն է ֆիլմդ նայում, ամենաթանկը հենց նրա վերաբերմունքն է: Ասեմ, որ բավականին լավ ընկալվեց, շատ հետաքրքիր արձագանքներ, կարծիքներ եմ լսել: Շատ հուզված և զգացված եմ:
– Ֆիլմում նաև Ձեզ ենք տեսնում, ի սկզբանե այդպե՞ս էր որոշված:
– Ոչ: Ի սկզբանե որոշված էր, որ իմ ձայնը պետք է լինի, բայց որոշված չէր, որ իմ մարմինն էլ պետք է լինի: Ֆիլմի նկարահանման ընթացքում հասկացա, որ որոշ տեղեր կան, որ պետք է լինեմ:
– Ֆիլմում տատիկիդ ընկերներն են նկարահանվել, նրանք փորձում են հիշել միասին անցկացրած ժամանակները: Դժվա՞ր էր նրանց խոսեցնելը, հիշեցնելը, ֆիլմի նկարահանման ընթացքում ինչպիսի՞ ապրումներ նրանք ունեցան:
– Նրանք շատ էին հուզվում: Հետաքրքիրն այն է, որ երբ նրանց զանգահարեցի, ասացի, որ Թամարայի թոռնիկն եմ, ուզում եմ ֆիլմ նկարահանել, նրանք զարմանքի մեջ էին, ասում էին` ինչպե՞ս, թոռնիկն ես, քո անունն էլ է Թամարա, մենք քեզ փոքր ենք հիշում, դու հիմա ռեժիսո՞ր ես դարձել: Ամեն անգամ, երբ գնում էի տատիկիս ընկերների տուն, ինձ այնքան լավ էին դիմավորում, հյուրասիրում… Սկզբում գնացի, խոսեցի նրանց հետ, ասացի՝ ինչ հարցեր եմ տալու, և այլն: Հետո սկսվեցին նկարահանումները: Այդ ընթացքում նրանք շատ էին հուզվում: Նրանք 80-ն անց են, և, բնական է՝ նրանց համար բարդ էր հիշել իրենց երիտասարդ տարիները: Ամեն դեպքում կարոտում ես երիտասարդ տարիներդ: Նրանց համար այդ հիշողությունները շատ թանկ են: Կարծում եմ` նրանք ինչ-որ առումով ուրախ էին, որ կարող են իրենց հիշողություններն արտահայտել, խոսել կռվի, Պոլիտեխնիկում սովորելու տարիների մասին: Նրանց համար ֆիլմը մի միջոց էր` ասելու, որ մենք կռվել ենք, պաշտպանել ենք մեր երկիրը: Ես ինքս էլ էի շատ հուզվում: Ամեն անգամ տուն էի գնում ու զգում, որ էներգիաս սպառված է: Շատ անգամներ լացել եմ, որովհետև ամեն անգամ տատիկիս ընկերների հետ զրուցելիս կարոտս էլ ավելի էր ուժեղանում:
– Ֆիլմը նկարահանվել է 2010-2012 թվականներին, առհասարակ ինչպիսի՞ դժվարությունների եք այդ ընթացքում հանդիպել:
– Ֆիլմը դժվարությամբ ստեղծվեց, որովհետև, երբ սկսեցի աշխատանքները, ես ո՛չ պրոդյուսեր ունեի, ո՛չ էլ դրամ: Ունեի միայն տեխնիկա, որն ընկերներս էին տվել: Ֆիլմը նկարահանել եմ միայնակ: Այո, դժվար էր, բայց միևնույն ժամանակ՝ հաճելի: Սա մի գործընթաց էր, որի ընթացքում ես տատիկիս ընկերների հետ պետք է միայնակ լինեի: Մեզ մոտ կարծես մտերմիկ երկխոսություն լիներ երկու սերունդների միջև: Կարծում եմ, որ եթե նկարահանման վայրում շատ մարդիկ լինեին, երկխոսությունն ավելի փակ կլիներ: Բարեբախտաբար, կարողացա լավ մոնտաժողի հետ աշխատել: Միշել Տյան ինձ շատ օգնեց, նա նաև ֆիլմի co-producer-ն է: Երկուսով ֆիլմը բարձրացրեցինք մի կետի և սկսեցինք փառատոների ներկայացնել:
Ֆիլմի ստեղծման ընթացքում շատ բան սովորեցի: Սա իմ առաջին լիամետրաժ դոկումենտալ ֆիլմն է: Այս ճանապարհը, որն անցա, ինձ շատ բան տվեց:
– Հատկանշական էր նաև ֆիլմի ավարտը: Ֆիլմի ընթացքում ցուցադրում եք կադրեր ընկերների հավաքույթներից, հետո ընկերների թիվը նվազում է, իսկ վերջում ցուցադրում եք սեղան, որի շուրջ ոչ ոք չկա…
– Երբ ինձ հարցնում են՝ ֆիլմն ինչի՞ մասին է, ես ասում եմ` ֆիլմն անհետացման, կորստի մասին է: Մենք մեկառմեկ կորցնում ենք իրենց, կորցնում ենք այս սերունդը, հավատքը, մենք կորցրեցինք այդ ժամանակաշրջանը: Սա նորմալ է, ժամանակի ընթացքում ամեն ինչ կորում է և նորն է ստեղծվում: Սեղանն իրենցն էր, բայց այլևս մարդ չկար:
– Ֆիլմը դիտելուց հետո ինչպիսի՞ ապրումներ ունեցան Ձեր ծնողները:
– Հատկապես հորս և հորաքրոջս համար ֆիլմը շատ բարդ էր դիտել: Ողջ ֆիլմը նրանք շատ հուզված դիտեցին, նրանց համար դժվար էր դա ընկալել: Հետաքրքիր է, որ մեկ տարի անց, երբ ֆիլմը կրկին դիտեցին, այս անգամ բոլորովին այլ աչքով նայեցին, ավելի պրոֆեսիոնալ աչքով դատեցին:
– «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող ֆիլմերի մասին ինչպիսի՞ կարծիք ունեք:
– Անկեղծ լինեմ` շատ ֆիլմ չեմ հասցրել նայել, քանի որ իմ նոր նախագծի վրա եմ աշխատում: «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում պատրաստվում է իմ նոր խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որը կոչվում է «As long as Heaven Allows»: Հիմա աշխատում ենք ֆիլմի սցենարի վրա, պատրաստվում ենք այն նկարահանել 2015 թվականին: Այս ընթացքում հանդիպել եմ պրոդյուսերների հետ, տեսնեմ՝ ի՞նչ կստացվի…
– Զրույցի վերջում ի՞նչ կցանկանաք ավելացնել:
– Սրտանց ուրախ եմ, որ վերջապես կարողացա այս ֆիլմը Հայաստանում ցույց տալ: Ինձ համար դա մեծ նշանակություն ունի: Շնորհակալ եմ »Ոսկե ծիրանին», բոլոր նրանց, ովքեր եկան, գնահատեցին կամ չգնահատեցին ֆիլմս: Ես շատ էի ուզում ֆիլմս իմ երկրում, հողում ցուցադրել, և հիմա կարծես սրտիցս մեծ քար ընկած լինի: