Բաժիններ՝

Ստվերային շրջանառության «առաջամարտիկն» «Ալեքս Գրիգն» է

Պետական եկամուտների կոմիտեն անցած 4 ամիսների ընթացքում տնտեսվարողների մոտ հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման 1417 խախտում, որի արդյունքում պետական գանձարան է մուտք եղել 560 մլն 469 հազար դրամ: Փոքր թիվ չէ: Կարելի է պատկերացնել, թե մինչև տարվա վերջ ՊԵԿ-ը որքան ստվեր կբացահայտի:

Տուգանված ձեռնարկությունների շարքում կան, թե´ փոքր ու միջին ձեռնարկություններ, և թե´ խոշոր: Բայց խախտողների շարքում առավել աչքի է ընկնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող, կամ առնվազն նրա հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների ամենօրյա վիճակագրության հրապարակումներում ոչ մեկ անգամ նշվում է նաև «Նատալի ֆարմ» ընկերության անունը, որը ևս «օտար» չէ Սամվել Ալեքսանյանին: Բայց դրա «քաջագործությունների» ծավալը համեմատելի չէ «Ալեքս Գրիգի» հետ:

 

Անցած 4 ամսում ՊԵԿ-ի տեսուչները հայտնաբերել են «Ալեքս Գրիգի» կողմից թույլ տված 27 խախտումներ, որոնցից 10-ը՝ միայն ստուգումների առաջին օրը՝ մարտի 11-ին: «Ալեքս Գրիգը» փորձել է առաքել ընդհանուր առմամբ 23 մլն 354 հազար դրամի չփաստաթղթավորված ապրանք, այսինքն՝ Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներն առնվազն այդքան ստվերային առուվաճառք են փորձել իրականացնել: Չի բացառվում, որ ՊԵԿ-ը հայտնաբերել է խախտումների ոչ ամբողջ ծավալը: Ընդ որում՝ առաջին օրվա ռեկորդից հետո «Ալեքս Գրիգը» բավականին զգուշավոր է դարձել ու ավելի քիչ է «բռնվել»: Պարզ չէ, թե այդ հանգամանքը պայմանավորված է ՊԵԿ տեսուչների՞ անուշադրությամբ, թե՞ «Ալեքս Գրիգի» ղեկավարների զգուշավորությամբ: Միաժամանակ ստուգումների առաջին օրերի համեմատ նվազել են «Ալեքս Գրիգի» տուգանքների ծավալները. եթե առաջին օրն ամենամեծ տուգանումը եղել էր 3.6 մլն դրամ, ապա վերջին օրերին հիմնականում 1 կամ մի քանի 100 հազար դրամի շրջանակներում է, բացառությամբ 2 դեպքի՝ 2 մլն և 3 մլն դրամ ծավալով:

 

Ամեն դեպքում, կրկնակի խախտումների հայտնաբերման դեպքում օրենքը բավականին խիստ է: 2011 թ-ի վերջին «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացվեցին, որոնցից Հոդված 28-ն ասում է. «Հարկ վճարողի կողմից անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման`

1) կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով.

2) երրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով»:

Այս տարվա փետրվարին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ կոմիտեն ստուգումներ է սկսել «Ալեքս Գրիգ» և «Լուսաստղ շուգր» ընկերություններում: Ստուգվում էր «Ալեքս Գրիգի» ողջ ցանցը, գործընթացում ներգրավված էր 160 աշխատակից: Դրան ի պատասխան՝ Սամվել Ալեքսանյանը չէր թաքցրել իր զարմանքը՝ «Էդ ե՞րբ իմ մոտ չեն եղել որ, միշտ էլ եղել են»:

Դրանից հետո մինչ օրս ՊԵԿ-ը տեղեկատվություն չի հրապարակել, թե ինչ արդյունքներ կան նշված ստուգումների հետ կապված: Այս մասին 168.am-ը հետաքրքրվեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պատասխանը սպասում ենք հաջորդ շաբաթ:

Բացի «Ալեքս Գրիգից», ՊԵԿ-ի ցուցակներում բազմակի հանդիպում են նաև «Արզնու» ՏՖ, «Գրանդ Քենդի» ՀՁ, «Արաքս» ԹՖ, «Լուսակերտ» ԹՖ, «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արարատցեմենտ» ընկերությունները և այլն: Իսկ մինչ այժմ արձանագրված ամենամեծ տուգանքը Մինասյան Արսեն Ֆ/Ա-ինն է՝ 8 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս