Ամառային ճամբար՝ Դիլիջանում
Դիլիջանում հուլիսի երկրորդ կեսին անցկացվի ամառային ճամբար, որին կմասնակցի 16-19 տարեկան 30 պատանի՝ 13 երկրից: Նրանք կշփվեն դիլիջանցի երեխաների հետ և կմասնակցեն տարբեր միջոցառումների ինչպես՝ քաղաքի, այնպես էլ՝ էկոլոգիայի, բնության և այլնի վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց RVVZ հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը` նշելով, որ սա միջազգային դպրոցի կազմակերպած տարբեր երկրների և դիլիջանցի պատանիների միջև շփում կազմակերպելու առաջին փորձն է: Բացի այդ, ըստ նրա`ամառային ճամբարը կդառնա միջմշակութային ծանոթության հրաշալի հարթակ և հնարավորություն կստեղծի հետագա շփումների համար:
«Դիլիջանի միջազգային դպրոցը դեռևս կառուցվում է, ուստի մենք այս անգամ ամառային ճամբարը մեկ այլ տարածքում կացկացնենք Դիլիջան քաղաքում, որը հայտնի է իր գեղատեսիլ վայրերով և հրաշալի բնությամբ»,- ասաց Ա. Մելքոնյանը` հավելելով, որ ճամբարի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նաև այցելել միջնադարյան Տաթևի վանք:
Դիլիջանում կառուցվող բարձրակարգ միջազգային դպրոցի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ RVVZ հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանի հետ հարցազրույցում, որը կտպագրվի «168 Ժամ» թերթի վաղվա համարում: