Բաժիններ՝

«Չի կարելի մեղադրել արվեստագետներին, նրանք չպետք է հարմարվեն այս իրավիճակին»

Հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են հայ դասական, ինչպես նաև՝ ժամանակակից նկարիչ, քանդակագործների ստեղծագործություններ: Հայաստանում առաջին անգամ դասական և ժամանակակից արվեստագետների աշխատանքների համադրությամբ ցուցահանդեսն արդեն թարմ և նոր կոնցեպտ է, քանի որ նման ձևաչափով էքսպոզիցիա առայսօր չի իրականացվել:

Օրինակ` բավականին հետաքրքիր է, թե Երվանդ Քոչարի 1927 թվականի տարածական գործը, որն իր գեղարվեստական արժեքով ցնցել է ամբողջ աշխարհը, ինչպե՞ս է ներկայացվելու ժամանակակից աբստրակցիոնիստների, մոդեռնիստների հետ միևնույն ցուցասրահում: Նշենք, որ ներկայացվելու են նաև ինստալյացիաներ, վիդեո-art: Այս ցուցահանդեսի գրագետ էքսպոզիցիան կարող է մեկնարկ լինել` ցուցահանդեսի մատուցման մշակույթը վերանայելու իմաստով: Հուլիսի 11-ին կայանալիք ցուցահանդեսի բացումը կլինի փակ ֆորմատով՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակից Հայաստան ժամանած հյուրերի, հրավիրյալների և լրագրողների համար, որից հետո մինչև հուլիսի 16-ը այն բաց է բոլոր այցելուների համար:

«Բարձր արվեստ» կենտրոնի «HI-artonline» նախագիծը ստեղծել է Հենրիկ Իգիթյանի անվան ամենամյա մրցանակ (գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող նկար կամ քանդակ), որն այս տարի կշնորհվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկին՝ արվեստում մեծ ներդրում ունենալու համար: «HI-artonline» նախագծի հիմնադիր նախագահ Աննա Գրիգորյանը հասցրեց կարճ ժամանակահատվածում ժամանակակից արվեստում «որոնողական» աշխատանք կատարել, «հավաքագրել» լավագույն հեղինակներին և բոլորին տանել մի գաղափարի ետևից, որն է՝ ցուցահանդեսին ներկայացվող «HI-artonline» կայքի շնորհանդեսով բացել արվեստի բազմաշերտ այն ճանապարհը, որն այսօր խորը ուսումնասիրության, զտման և համաշխարհային հարթակներում ցուցադրության կարիք ունի: Այն, որ այս ցուցահանդեսի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը բավականին զգալի է, գոնե մեզ՝ լրագրողներիս համար, բացահայտում է:

Աննա Գրիգորյանի հետ փորձեցինք զրուցել ցուցահանդեսի և դրան հաջորդող արվեստի ոլորտում նախատեսվող քայլերի վերաբերյալ:

Կարդացեք նաև

– «Արևելքից՝ Արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն հայ արվեստագետներ» խորագիրն ընտրվեց, որովհետև art-բիզնեսում ընտրած մեր ռազմավարությունը հայ արվեստի օբյեկտիվ գնահատումն է համաշխարհային արվեստի շրջանակների մեջ: Մեր նպատակն է` հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի շուկայում, բայց ոչ թե կոնկրետ անհատ արվեստագետների, այլ՝ առհասարակ հայ գեղարվեստն` իբրև արվեստի ուղղություն: Էքսպոզիցիայի կազմավորման փուլում մեր որոնումները ցույց տվեցին, որ հայ արվեստն ընդհանրապես ուսումնասիրված չէ, հետևաբար` որոշում կայացրեցինք՝ 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբ պետք է ներկայացված լինի էքսպոզիցիայում:

Այլ կերպ ասած՝ երեք կարևորագույն դիտակետ վերցրեցինք մեր նշանառության տակ՝ ուղղությունները, ժանրերը և սերունդները, որոնց հիման վրա ստեղծվեց ցուցահանդեսի խորագիրը: Ինչ վերաբերում է Արևելքից` Արևմուտքին, ապա ուզում եմ ընդգծել, որ անբաժանելի կապ կա Արևելքի, Արևմուտքի և մեր արվեստի մեջ, որը երբեք չի կտրվել, քանի որ մեր բոլոր ստեղծագործողներն ուժեղ ազդեցություն են կրել Արևելքից և Արևմուտքից: Մեր գեղարվեստը Արևմուտքի և Արևելքի սինթեզն է, և այդ շարժումը միշտ ակտուալ է եղել, բայց միևնույն ժամանակ՝ մեր արվեստն իր բացառիկությունը, ինքնությունը երբեք չի կորցրել:

– Դուք մասամբ ծանոթացաք, ուսումնասիրեցինք հայ գեղանկարչության, քանդակագործության ոլորտը, որը շուտով կներկայացնեք համաշխարհային արվեստի շուկայում: Ի՞նչ եզրահանգման եկաք, արդյոք մենք ունե՞նք մրցունակ արվեստ, տվյալ դեպքում՝ «պրոդուկտ»:

– Արվեստի նվիրյալ, տաղանդավոր, շնորհալի արվեստագետներ, այո՛, ունենք: Ես եկա այն համոզման, որ մեր ռեսուրսը շատ հարուստ է, մինչդեռ, ցավոք, չունենք արվեստի նկատմամբ օբյեկտիվ որևէ գնահատական: Շատ պարզ մի օրինակ բերեմ. մեր արվեստագետների գնային քաղաքականությունը ոչ մի բանի վրա հիմնված չէ, բացի իրենց անձնական փորձառությունից: Այնուամենայնիվ, կցանկանայի շեշտել, որ նկարը գնահատողը ոչ մի դեպքում չպետք է լինի արվեստագետը:

– Բայց նկատենք, որ այդ փորձը նրանք ձեռք են բերում դրսում, սակայն դրսի գնային համակարգը հայաստանյան շուկայում տեղայնացնելն արդարացված չէ, քանի որ գոյություն ունեն հասարակությունների առանձնահատկություններ, որոնք նկատի ունենալով` պետք է նկարի վաճառք կազմակերպել:

– Հայաստանում ստեղծված է մի մթնոլորտ, որն ամբողջովին խանգարում է արվեստի զարգացմանը կամ բարձր գնահատմանը: Չի կարելի մեղադրել արվեստագետներին, որովհետև նրանք չպետք է հարմարվեն այս իրավիճակին և փորձեն իրենց գործերը վաճառել՝ հարմարեցնելով տեղական արվեստի շուկայի գներին: Արվեստը երբեք ու երբեք չպետք է ցածր գնահատվի:

Anna Grigoryan44

Ի վերջո, իրենք էլ չպետք է հանուն հասարակական խնդիրների իջեցնեն իրենց գնային սանդղակը, մանավանդ, որ դրսում դա արժեքավոր է: Ես հասկանում եմ մեր այն արվեստագետներին, ովքեր շատ զոհաբերությունների գնով փորձում են իրենց ցենզը պահել՝ ամեն ինչ անելով` Հայաստանից դուրս պայմաններում վաճառք իրականացնել: Մեր զրույցների ընթացքում ես պարզեցի, որ հայ արվեստագետներն իրենց գործերն «իրացնում» են հիմնականում դրսում:

– Տվյալ դեպքում՝ ոտնահարվում է արվեստ, նկար սիրող այն մարդու իրավունքը, որը վճարունակ չէ կամ, ասենք, չի կարող 10.000 դոլարով նկար գնել:

– Արվեստ սիրող մարդու նկար գնելու իրավունքը ոտնահարվում է ոչ թե արվեստագետի, այլ սոցիալական պայմանների պատճառով: Եթե մարդն իր աշխատանքին համարժեք վարձատրվի, սոցիալական իրավունքը պաշտպանված լինի, նրան տրվի արվեստի մասին գիտելիք, ապա, հավատացեք, նա կձգտի նկար ձեռք բերել: Նկարիչը պետք է նկարի: Եթե դրսում գալերիստն իր նկարը վաճառում է 3500 եվրոյով, նա՝ ելնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններից, չպիտի գնա զիջումների և այստեղ նկարը վաճառի 500 դոլարով: Ի վերջո, մենք մոնոլիտ ազգ ենք և ունենք ազգային առանձնահատկություններ: Եթե երկրում կարողություն ունեցող մարդիկ սկսեն քայլ անել և դա անել բաց, ապա ժողովրդի մեջ նկար գնելու կուլտուրան կձևավորվի:

Anna Grigoryan (2)

Օրինակ՝ շատ լավ կլինի, եթե կայանա բաց աուկցիոն, գումար ունեցող մարդիկ նկարը գնեն բացահայտ, այդ մասին խոսեն և այլն, դրանով նաև օրինակ կծառայեն: Հարուստներն էլ իրենց հերթին` ոսկի, անշարժ գույք գնելու փոխարեն՝ նկար կգնեն, որի արժեքը տարեցտարի կարող են կրկնապատկել, եռապատկել: Պետք է ստեղծվի մեկենասային ինստիտուտը: Ի վերջո, մեծահարուստը ոչ միայն պետք է ներդնի անձնական կոլեկցիա ունենալու համար, այլ՝ առհասարակ պետք է արվեստի մեջ ներդրումներ կատարի, օրինակ՝ պետք է ստեղծի տեխնիկապես հարուստ այնպիսի մի հարթակ, որտեղ ոչ միայն մեր արվեստագետը պատշաճ կցուցադրվի, այլև դրսից արվեստագետ հրավիրելիս` ամաչելու բան չենք ունենա: Ինչպես նաև դրսին ցույց տանք, որ մենք մեր արվեստի մեջ ներդրում ենք կատարում և ոտք ենք մեկնում նրանց քայլերին համարժեք: Հակառակ դեպքում՝ մեզ մշտապես մատնանշելու են այն հանգամանքը, թե՝ եթե այդքան լավ արվեստ ունեք, ապա ինչո՞ւ ինքներդ ձեր արվեստում ներդրում չեք կատարում:

– Պարադոքսալ է, երբ նկարիչներից շատերը բանավոր մատնանշում են այն երկրները, որտեղ իրենց գործերը վաճառվում են, ասենք՝ 10.000 դոլարով, բայց չեն ներկայացնում որևէ փաստաթուղթ, որով հաստատված գնային համակարգը փորձագետների կողմից տրամաբանված կլինի: Իսկ ինչո՞ւ ես պիտի հավատամ այդ բանավոր հայտարարություններին:

– Հայաստանում մենք չենք կարող իրականացնել նկարի գեղարվեստական արժեքի, գնային համակարգի փորձագիտական եզրակացություն, դա պետք է դրսում իրականացվի: Ի վերջո, եկեք ապաշխարենք՝ խոստովանելով, որ մենք՝ հայերս, չունենք Art-բիզնես, Art-մենեջմենթ, կայացած շուկա:

Anna Grigoryan (3)

Մենք հիմա նոր դա փորձում ենք ստեղծել, որի համար Art-բիզնես կազմակերպելու կայացած մոդել ունեցող դրսի ինստիտուտների հետ համագործակցելով` պետք է հսկայական աշխատանք կատարենք: Նրանք ունեն Art-բիզնեսի կառուցվածքային լայնամասշտաբ սխեմա՝ դպրոց, մասնագետներ, ավանդույթ, շուկա, որոնց ներգրավվելով` պետք է փորձենք այնպես անել, որ իրենք գան և մեզ ուսումնասիրեն: Այդ պարագայում մենք կարող ենք օբյեկտիվ գնահատել մեր արվեստագետին, արդյունքում` կարձանագրենք համաշխարհային որոշակի վերաբերմունք մեր արվեստագետի հանդեպ:

– Մեր թերթում հրապարակված արվեստագետների հետ հարցազրույցներում մշտապես հնչում է այն միտքը, որ մեր երկրում ստեղծվող արվեստը հայ հասարակության համար հետաքրքիր չէ, մասնավորապես՝ չկան այն մարդիկ, ովքեր կփորձեն արվեստի ոլորտում գաղափարներ, նախագծեր իրականացնել: Այսինքն՝ դժգոհում էին մի բանից, որն այսօր Դուք փորձում եք իրականացնել: Արդյո՞ք նկարիչները, քանդակագործները գալիս են Ձեր գաղափարի ետևից:

– Գիտեք, հայ արվեստագետների մղումը միասնական գաղափարների շուրջ պակասում է: Ամեն մեկն իր ուժերով գնում, դրսում մասնակցում է մշակութային իրադարձություններին, բայց դժվարությամբ են համախմբվում այն գաղափարի շուրջ, որն ընդհանուր արվեստն է առաջ տանում, այլ ոչ՝ իրենց անհատականությունը, իրենց գործերը, իրենց գործերի վաճառքը: Երբ հարցադրման բովանդակությունը փոխվում է՝ ինչպե՞ս անել, որ հայ արվեստը գնահատվի՝ շատերը պասիվություն են ցուցաբերում: Մեր ժողովրդի ինդիվիդուալ մտածելակերպն ընդհանուր շահն առաջ տանելուն խանգարում է: Մեր արվեստագետները ժողովրդի նկատմամբ ճիշտ քայլ կկատարեն, եթե հանուն հայ արվեստի զարգացման միավորվեին:

– Ճի՞շտ է, որ Ժամանակակից արվեստի թանգարանում իրականացվող ցուցահանդեսի ընթացքում լինելու են նաև վարպետության դասեր:

– Այո, հուլիսի 14-15-ին կլինեն վարպետության դասեր, որոնք կվարեն աբստրակցիոնիստներ Գարիկ Կարապետյանը, Համլետ Հովսեփյանը, ինչպես նաև Կարեն Օհանյանը, ով բավականին արտառոց՝ սոցիալ-art ուղղության մեջ է ստեղծագործում: Իսկ հուլիսի 16-ին՝ փակման օրը, մենք պարտադիր կանցկացնենք քննարկում: Այս ամենին կարող են մասնակցել բոլորը, ովքեր հետաքրքրված են՝ արվեստագետներ, լրագրողներ, արվեստաբաններ, ուսանողներ: Ինձ համար դա նաև կլինի ստուգատես՝ հասկանալու համար, թե որքանով մարդիկ հետաքրքրված են արվեստով: Ի վերջո, ես այս ամենն իրականացնում եմ՝ դաշտն ուսումնասիրելու նպատակով, որի համար նվազագույնը մեկ տարի կպահանջվի: Այս բոլոր փուլերը մոնիտորինգային բնույթի են նաև, որոնց արդյունքների հիման վրա մենք կմշակենք մեր մարտավարությունը: Սա պրակտիկ, էմպիրիկ հետազոտություն է, որի արդյունքների մասին պատրաստ կլինեմ խոսել առաջիկայում:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս