
Ես երբեք այսքան շատ չեմ մտածել այն մասին, որ հայ եմ․ Արամ Խաչատրյանը՝ Էդվարդ Միրզոյանին

Արամ Խաչատրյանի նամակը Էդվարդ Միրզոյանին․
«Թանկագին Էդիկ․ ես կարծում էի թե գուցե նամակ գրես ու հարցնես, թե ինչպես եմ ինձ զգում։ Ասում են, երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ։
Ես որոշեցի ինքս իմ մասին նամակ գրել ու տեղեկացնել ձեզ վիճակիս մասին։ Գիտես, որ ներկայումս հիվանդանոցում եմ։
«․․․․․․․․»
․․․ Ես ինձ պահում եմ որպես հնազանդ հիվանդ, որպեսզի նրանց հնարավորություն տամ ուսումնասիրել իմ առողջական վիճակը։
Առանձին հիվանդասենյակ ունեմ, հեռախոսով ու հեռուստացույցով։ Այնպես որ շատ լավն են պայմանները։ Բայց միևնույն է՝ սա ինձ համար կուլտուրական բանտ է։ Մոսկվայում գրիպ է մոլեգնում, ուստի հիվանդանոցում կարանտին է, և ոչ ոքի չեն թողնում։
«․․․․․․․․»
Ես այստեղ եմ բերել մագնիտաֆոնս և իմ «Կոնցերտ-ռապսոդիայի» ձայնագրությունը /որը դուր չեկավ հայերին/, փոքր-ինչ պիտի մաքրեմ։ Այստեղ չափազանց խճանկարային եմ սփռել գրգռիչ ռիթմերը, որոնք չեն ստացվել ու հազիվ թե դյուրությամբ ստացվեն։
Բացի դրանից, այստեղ գրում եմ նամակներ, կարծիքներ, բնութագրեր և այլն։ Կարգի բերեցի իմ ֆոտոարխիվը։ Իմիջիայլոց, քիչ նկարներ չկան քեզ հետ։
Ընդհանուր առմամբ աշխատում եմ ինձ գործ գտնել ու շատ եմ կարդում՝ այդ ամենը նրա համար է, որ ինձնից մռայլ մտքերը վանեմ։
Իսկ մտքերս իսկապես մռայլ են։ Ես հասկանում եմ, որ ծերերը իրենց տեղը պիտի զիջեն երիտասարդներին։ Դա բնական է։ Բայց երիտասարդներն, իրենց հերթին, չպետք է մոռանան ծերերին։ Ես նկատում եմ, թե ինչպես բոլորը կամաց-կամաց սկսում են ինձ մոռանալ։ Ի պատասխան, կարող ես ինձ ասել․ արժանի ծերերին չեն մոռանում։
Հայաստանը իմ հայրենիքն է։ Ժողովուրդը՝ այո։ Նա ինձ միշտ բարձրացրել է ու սիրել։ Ես երբեք այսքան շատ չեմ մտածել այն մասին, որ հայ եմ, երբեք չեմ մտածել, ինչպես հիմա։
Վերջում ուզում եմ իմանալ՝ աշխատո՞ւմ ես, թե՝ ոչ։ Սոնատից հետո հաջողությունդ ամրապնդո՞ւմ ես, թե՝ ոչ։ Խնդրում եմ ընդունել իմ ողջույնը, իմ բարեկամական մտքերը քո մասին։ Ողջույններս հաղորդիր սքանչելի տիկնոջդ ու երեխաներին»։
Սիրով՝ Արամ Խաչատրյան
1969 թ․ փետրվարի 16
Կունցևո