Թոմաս դը Վաալը` Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության մասին

«Գործընթացն այնպիսին է, որ այս հակամարտությունը դադարում է էթնիկ լինելուց, ինչպես 1988 թվականին էր, և ազգայնաքաղաքական հակամարտությունից վերածվում է քաղաքականի»,- այսօր Մեդիա կենտրոնում Թոմաս դը Վաալի «Սև. այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի (2003 թ.) նոր տարբերակին նվիրված քննարկմանը ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Մենք ասում ենք` հակամարտության մեջ ոչինչ չի փոխվել, այո´, կողմերը չեն սկսել միմյանց սիրել, այդ իմաստով ոչինչ չի փոխվել, բայց բացարձակապես համեմատելի չէ առկա զենքի քանակը: Եթե չեմ սխալվում, Հարավային Կովկասը կարծեմ աշխարհում երկրորդ տարածաշրջանն է սովորական զինատեսակների քանակով, սա մի տարածաշրջան է, որտեղ միմյանց դեմ են կանգնած բանակներ, որոնք ունեն ոչ միայն տանկեր, այլ հրթիռներ, որոնք կարող են կրակել հարյուրավոր կմ հեռավորության վրա»,- նշեց քաղաքագետը:

Այս իրավիճակը, Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, ամենևին նման չէ այն իրավիճակին, որով սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը` փայտերով և որսորդական հրացաններով: Նույնը, ըստ նրա, վերաբերում է ներկայիս աշխարհագրական կոնֆիգուրացիային, որը բացարձակապես այլ է, քան 1988 թվականին:

Իսկ Կարնեգի հիմնադրամի Ռուսաստան և Եվրասիա ծրագրի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալից հետաքրքրվեցին, թե, ըստ նրա, այսօր ինչը և ով է խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը: Ի պատասխան` դը Վաալը նշեց, որ բոլոր գործոններն էլ ունեն իրենց դերը, բայց կարելի է հարցադրումը մեկ այլ ձևով կատարել` «ինչո՞ւ պետք է լուծվի այս հիմնախնդիրը»:

«Սա մի փոքր ցինիկ հարցադրում է, բայց, այնուամենայնիվ, ստատուս-քվոն ավելի ուժեղ է: Ցավոք սրտի, հիմնախնդիրների մեծամասնությունը չեն լուծվում խաղաղ տարբերակով, այդ իսկ պատճառով կան բազմաթիվ տարրեր, որոնք պարունակում է այդ ստատուս-քվոն: Դա հակամարտող երկրների և Ղարաբաղի էլիտաների հաշվարկն է, փոխադարձ վախն է` ինչ կլինի, եթե իրավիճակը փոխվի: Նույնը վերաբերում է աշխարհաքաղաքական իրավիճակին, բայց ես մի փոքր այլ կերպ եմ դրան նայում: Իմ կարծիքով` խնդիրն այն չէ, թե ինչ են որոշում գերտերությունները, ընդհակառակը` կարծում եմ` արտաքին աշխարհի կողմից այս հարցի վերաբերյալ կա հետաքրքրության պակաս»,- նշեց Թոմաս դը Վաալը:

Ըստ Կարնեգիի վերլուծաբանի` մյուս պատճառը, որը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, երկու ժողովուրդների միջև ազատ երկխոսության բացակայությունն է:

Իսկ ինչի՞ կհանգեցնի Ադրբեջանի իշխանությունների կողմից հակառակ կողմի նկատմամբ իրականացվող քսենոֆոբիայի ու ատելության քաղաքականությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազքը, արդյոք այն կհանգեցնի՞ նոր պատերազմի:

Այս հարցի վերաբերյալ դը Վաալը նշեց, որ ռացիոնալ տեսանկյունից որևէ մեկը շահագրգռված չէ վերսկսել հակամարտությունը:

«Բայց ռիսկերը շատ մեծ են` հատկապես եթե հաշվի առնենք վերջին տարիներին Ադրբեջանի` հսկայական չափերի հասնող հարստացումը, որը նրանք կարող են կորցնել մեկ շաբաթում, եթե ռազմական գործողությունները լավ չընթանան իրենց համար»,- ասաց դը Վաալը:

«Ես Ադրբեջանում եմ եղել 1995 թվականին, և այն ժամանակ երկրի ՀՆԱ-ն կազմում էր ընդամենը 3 մլն (իրականում` 3 մլրդ,- Ա.Ս.) ԱՄՆ դոլլար, իսկ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 70 մլրդ ԱՄՆ դոլլար»,- շարունակեց նա` նշելով, որ սա հսկայական ազդեցություն ունի երկրի թե´ ներքին, թե´ արտաքին վրա:

«Հարավային Օսիայում նույնպես պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէր, բայց, այսպես ասենք, կա նաև հիմարության գործոնը, երբ կողմերը պարզապես ճիշտ չեն հաշվարկում, թե ինչպես իրենց գործողությանը կարձագանքի մյուս կողմը, երբ ինչ-որ բռնկում լինի շփման գծում, որը հանգեցնի իրավիճակի էսկալացիայի: Այս ամենը քիչ հավանական է, բայց, այդուհանդերձ, հնարավոր է, և այդ հնարավորությունը տարեց-տարի աճում է: Եվ այդ ժամանակ կարելի է դիտարկել տարբեր սցենարներ»,- ասաց Թոմաս դը Վաալը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության մեջ առկա ագրեսիային, այս մասին Թ. դը Վաալը նշեց, որ, իհարկե, հասկանում է հայերին, ովքեր լսում են Ադրբեջանի նախագահի ագրեսիվ ելույթները:

«Բայց ես, լինելով Ադրբեջանում, հավաստիացնում եմ ձեզ, որ մարդիկ, երբ այնտեղ նստում են հաց ուտելու և զրուցելու, Ղարաբաղը չի հանդիսանում նրանց զրույցի ոչ երկրորդ, ոչ էլ նույնիսկ հինգերորդ թեման: Սա ավելի շատ քաղաքական մակարդակի վրա է, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանի հասարակությունը վառվում է նոր պատերազմի սպասումով: Իհարկե, երիտասարդ սերունդը ավելի ագրեսիվ է, քան իրենց հայրերը և պապերը: Ես իմ գրքում օգտագործել եմ պասիվ-ագրեսիվ (passive-agressive) արտահայտությունը: Ես կասեի` ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են, բայց հայերը նույնպես ագրեսիվ են, ուղղակի պասիվ ագրեսիվ են»,- այսպիսի կարծիք հայտնեց Թոմաս դը Վաալը:

Տեսանյութեր

Լրահոս