Ինչպե՞ս են ՀՀ պաշտոնյաները շոկի մատնում ԱՄՀ ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այսօր մի հաղորդագրություն էր տարածել, որը, ի տարբերություն պաշտոնական այլ տեքստերի, բավականին հետաքրքիր էր։ Տեղ-տեղ նաև՝ զավեշտալի։
Եվ այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
«Հյուրը ցանկացել է տեղեկանալ մայիսի 12-ի կարկտահարության հետևանքների մասին՝ այն դիտարկելով շոկային` գյուղատնտեսության ցուցանիշների առումով: Սակայն նախարարն ԱՄՀ-ի հայաստանյան պատասխանատուին հայտնել է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այս ամենը, մեղմ ասած, շատ զարմանալի է։ Նախ՝ հիշեցնենք, որ մայիսի սկզբին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի վնասի չափը ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի գնահատմամբ՝ 60-70 միլիոն դոլար էր։ Սրան գումարենք նաև այն, որ Արմավիրից հետո կարկուտ էր տեղում հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Օրինակ՝ մայիսի վերջին Լոռու մարզում տեղացած կարկուտի վնասը գնահատվել էր շուրջ կես միլիոն դոլար։
Իսկ որքա՞ն է եղել գյուղատնտեսական արտադրանքի ծավալն, օրինակ, նախորդ տարի։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012 թվականին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 840 միլիարդ դրամ կամ մոտավորապես միլիարդ դոլար։ Այսինքն՝ կարկտահարության վնասի չափը կազմում է գյուղատնտեսության տարեկան արտադրանքի 3-4%-ը։ Դա էլ նշանակում է, որ գյուղատնտեսական ոլորտի աճի ցուցանիշն առնվազը 3-4 տոկոսային կետով ցածր է լինելու։ Իսկ երբ խոսում ենք աճի ցուցանիշի մասին՝ 3-4 տոկոսային կետը քիչ չէ։ Մանավանդ գյուղատնտեսության դեպքում, որը ոչ վաղ անցյալում անկումային ցուցանիշներ ուներ։
Այս ամենից հետո գյուղատնտեսության նախարարը ոչ թե ասում է՝ կարկուտն էական ազդեցություն չի ունենա ցուցանիշների վրա, այլ պարզապես ասում է՝ չի ազդի։ Բավականին զավեշտալի պատկեր է ստացվում։ ԱՄՀ-ի ներկայացուցիչը խոսում է կարկուտի «շոկային» հետևանքների մասին, սակայն գյուղնախարարն ինքն է նրան շոկի մեջ գցում իր պատասխանով։
Սակայն, հանուն արդարության, նշենք, որ գյուղնախարարի արձագանքն այս անգամ շատ ավելի ադեկվատ էր, քան նախկինում։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազգային ժողովում հարց ուղղեց նրան՝ ի՞նչ ազդեցություն կունենա կարկտահարությունը գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վրա։ Հարցին ի պատասխան՝ Սերգո Կարապետյանը սկսեց հարցի հետ կապ չունեցող, նախապես պատրաստված մի ելույթ կարդալ՝ շահարկումների ու չգիտես ինչի մասին։ Այդ պատասխանն այնքան անտեղի էր, որ անգամ ՀՀԿ-ական պատգամավորները չէին կարողանում զսպել ծիծաղը, իսկ Ա.Վարդանյանը խորհուրդ տվեց գնալ և աշխատանքից ազատել ելույթի տեքստը գրողին։ Այս անգամ, ինչպես տեսնում ենք, պատասխանը գոնե թեմայի մեջ էր։
Վերադառնալով շոկի թեմային՝ նշենք, որ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը մինչ Գյուղնախարարություն հասնելն արդեն իսկ շոկի մեջ էր (հաճելի շոկի)։ «Մենք տպավորված ենք գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ տեմպերով: Չենք թաքցնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք այսպիսի զարգացումներ չէինք ակնկալում և ուրախ ենք, որ սխալվել ենք»,- ասել է նա: Իրոք, ինչպե՞ս կարելի է չզարմանալ։ ԱՄՀ-ն՝ տնտեսագետների իր լուրջ թիմով, կանխատեսումներ է անում տնտեսական աճի վերաբերյալ, իսկ Հայաստանի տնտեսությունն ի հեճուկս այդ հաշվարկների՝ աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսվում էր։ Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է տպավորիչ 7.5%-ով։ Թեպետ այս դեպքում մեծ հարցական է, թե իրականում ո՞վ է շոկի մատնել ԱՄՀ-ին՝ ՀՀ տնտեսությո՞ւնը, թե՞ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը։
Ի դեպ, Մարկ Հորթոնն ինքն էլ մի թեթև շոկի է մատնել հայաստանցիներին։ «Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հայտնել է, որ Հայաստանը հաղթահարել է ցածր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակը և այսօր իր ցուցանիշներով դասվում է զարգացող երկրների շարքին»,- նշված է Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Շոկն այստեղ այն է, որ վերջին 10 տարիներին բոլորս համոզված էինք, որ Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկիր է։ Իսկ հիմա պարզվում է՝ հետամնաց և թույլ տնտեսություն ունեցող երկիր ենք եղել անգամ երկնիշ աճի ժամանակ։ Թեպետ նույն ԱՄՀ-ն այն ժամանակ էլ գովեստի խոսքեր էր շռայլում կառավարությանը, տնտեսական քաղաքականությանը և դրա արդյունքներին։