Բաժիններ՝

Ճապոնիան կարող է սկսել բալիստիկ հրթիռների արտադրություն՝ վիճելի կղզիները պաշտպանելու համար

Ճապոնական «Սանքեյ» թերթի փոխանցմամբ՝ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել սեփական բալիստիկ հրթիռների մշակման հարցի դիտարկմանը: Այդ հրթիռների հեռահարությունը կազմելու է 400-500 կիլոմետր:

Հրթիռները նախատեսված կլինեն Սենկակու (չինական անվանում՝ Դյաոյույդաո) կղզիներ հնարավոր ներխուժումը կանխելու համար, որոնք հանդիսանում են ճապոնա-չինական տարածքային վեճի առարկա:

Նախագծի մանրակրկիտ դիտարկումն իրականացվելու է հուլիսին: Եթե այն արժանանա հավանության, ապա բալիստիկ նոր հրթիռների մշակումը կարող է սկսվել արդեն իսկ հաջորդ տարի: Պլանավորված է հրթիռները տեղակայել ամենահարավային Օկինավա կղզում:

Ճապոնական ռազմական գերատեսչության փորձագետները ենթադրում են, որ 500 կիլոմետր տարածությունը հաղթահարելու համար նոր հրթիռներից կպահանջվի մոտ 5 րոպե, ինչը հնարավորություն կտա դեռ Սենկակու կղզիների մատույցներում կանխել ափհանման փորձերը:

Թերթն ընդգծում է, որ եթե նախագիծն իրականացվի, ապա Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերն առաջին անգամ կհամալրվեն մեծ հեռահարությամբ հարձակողական զենքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս