Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը 40 մլն եվրոյի վարկ է ակնկալում Գերմանիայից

Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել մեր երկրում վերականգնվող էներգիայի արատադրությունը: Այդ նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարույթունից KFW բանկի միջոցով 40 մլն եվրոյի վարկ է ակնկալում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Բայց  «վերականգնվող էներգիա» ասելով՝ մեր երկրում առայժմ միայն հիդրոէլեկրակայաններն են հասկացվում: Նշենք, որ նույն  ծրագրի 2 փուլերով Հայաստանն արդեն ստացել է 14 մլն. եվրո եւ գումարն ամբողջությամբ տրամադրվել է փոքր ՀԷԿ-երի կառուցմանը:

Ինչպես այսօր ԱԺ ամբիոնից նշեց համաձայնագիրը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը.  «Արդեն 2 փուլով իրագործվել են նախորդ ծրագրերը, որտեղ կատարողականով 100 տոկոսի վերադարձելիություն ունենք, կարծես թե, այս ուղղությամբ ծրագրերի իրագործումը հաջողված է համարվում եւ քանի որ պահանջարկն էլ կա մեր տնտեսությունում, մենք համաձայնեցինք, որ եւս 40 մլն. ներգրավենք այդ ուղղությամբ»:

Նշենք, որ ծրագրի  երրորդ փուլի շրջանակում 40 միլիոն եվրոյով նախատեսվում է եւս 30-40 փոքր ՀԷԿ-երի կառուցում: Փոխնախարարի խոսքով՝ այսօր հիդրոէլեկտրակայաններն ապահովում են Հայաստանում արտադրվող էներգիայի 35-36 %-ը:

Ինչ վերաբերում է Հայաստանում առկա էներգետիկ այլ ռեսուրսների՝ արեւի, քամու միջոցով էլեկտրաէներգիա ստանալու մասին պատգամավորների բարձրացրած հարցին, Վարդան Արամյանը պատասխանեց. «Սովորաբար տնտեսագիտության մեջ ընդհանուր դոկտրինա է, որ յուրաքանչյուր երկիր զարգացնի այն ռեսուրսները, որը ինքը կարող է արտադրել: Վերականգնվող էներգիան կարեւոր է, որպեսզի մեր էներգետիկ անվտանգությունը կարողանանք ապահովել, բնականաբար, էներգիայի ստեղծման այլ աղբյուրները եւս կարեւոր են՝ ներառյալ նաեւ արեւային էներգիան»:

Եվ, այդուհանդերձ, այս ուշագրավ նախաբանից հետո փոխնախարարը հայտարարեց. «Կոնկրետ այս ծրագիրը արեւային էներգիայի զարգացմանը չի գնալու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս