Բաժիններ՝

Կօգնի՞ 5 միլիոնի վարկը՝ վերականգնել Մետրոպոլիտենի վարկն ու բարելավել աշխատակիցների վարքը

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ կառավարությանը կհատկացնի 5 մլն եվրո գումարի չափով վարկ: Նախատեսվում է վերակառուցել մետրոյի համակարգը, մասնավորապես՝ նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ:

Ծրագրի հիմքում ընկած են Երևանի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի Փուլ I-ով իրականացվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլի համար հատկացվել էր 15 մլն եվրո:

ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թ. մայիսի 2-ին՝ Երևանում, և մայիսի 10-ին՝ Լյուքսեմբուրգում, կնքվել է ֆինանսական պայմանագիր, որը կառավարության առաջիկա նիստում կներկայացվի գործադիրի անդամներին:

Ըստ նախագծի՝ ծրագրի Բաղադրիչ 1-2-ը՝ գործող դրենաժային թունելների վերակառուցում և ընդլայնում, նպատակաուղղված է լուծելու Մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Նախատեսվում է գործող դրենաժային թունելը երկարացնել, և այն հասցնել մինչև Հանրապետության հրապարակ, որը կապահովի ամբողջ տարածքի համար ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և զգալիորեն կբարելավի թունելների շահագործման պայմանները, ինչպես նաև՝ կտա տնտեսական արդյունք ներկայումս գործող պոմպակայաններում տեղադրված պոմպերի քանակի ակնկալվող կտրուկ նվազեցման արդյունքում:

Բաղադրիչ 3. Մետրոյի թունելների վերակառուցում (ներառյալ՝ գրունտավորում և հակակոռոզիական մշակում). կիրականացվեն աշխատանքներ, որոնք  նպատակաուղղված են գործող թունելների տեխնիկական վիճակի առողջացմանը և թունելների շահագործման ժամկետի երկարացմանը:

Բաղադրիչ 4. Կայարանների և ծառայողական շինությունների բարելավում. նախատեսվում է իրականացնել կայարանների և ծառայողական շինությունների բարելավում  էկոլոգիական և սոցիալական միջոցառումների ծրագրի շրջանակներում:

Բաղադրիչ 5. Մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում. նախատեսվում է շարունակել «Երևանի Մետրոպոլիտենի վերականգնման  ծրագիր» Փուլ I-ով սկսված վագոնների վերանորոգման և արդիականացման գործընթացը, համալրելով այն՝ ևս 7, իսկ հնարավորության դեպքում՝ 8 նորացված վագոններով:

Ծրագրի ավարտը նախատեսված է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը:

Հավելենք, որ մոտ 2 տարի առաջ ուղեվարձի թանկացումից հետո Մետրոպոլիտենի ուղևորների թիվը զգալի նվազել էր: Այսօր էլ, դատելով երթուղայինների գերծանրաբեռնվածությունից և մետրոյի թերծանրաբեռնվածությունից, մետրոն երևանցիների նախընտրելի տրանսպորտը չէ: 168.am-ը փորձեց մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից ճշտել, թե ինչպիսի՞ փոփոխություն է տեղի ունեցել վերջին ժամանակաշրջանում ուղևորահոսքերի հետ կապված, սակայն ամենապարզ տեղեկատվության տրամադրումը ծառայության աշխատակից Նինել Վարդանյանը խիստ բարդացնում է, այն աստիճան, որ լրագրողներն այլևս «չհանդգնեն» անհանգստացնել իրեն:

Ի դեպ, մետրոպոլիտենի աշխատանքից երևանցիներից բողոքները քիչ չեն՝ շարժակազմերի ուշացումներից մինչև վատ սպասարկում, նույնիսկ առանց նախազգուշացումների շարժասանդուղքների վթարային անջատումներ և դրա հետևանքով՝ մարմնական վնասվածքների ստացում: Այնպես որ, զարմանալի չէ, որ Մետրոպոլիտենի վարկը, չնայած կատարվող ներդրումներին, շարունակաբար ընկնում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս