Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը գրանցվել է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում (տեսանյութ)

Ընդամենը չորս օր առաջ ամերիկահայ հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է դոնոր և գրանցվել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամում: Այս մասին 168.am-ին ասաց  «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը` նշելով, որ Քարդաշյանը դարձել է դոնոր այն բանից հետո, երբ Սիսի անունով նրա զարմուհու մոտ հայտնաբերվել է արյան քաղցկեղ: Քիմը գրանցվել՝ հույս ունենալով համընկման դեպքում օգնել իր զարմուհուն: Նա այս մասին անգամ հանդես է եկել տեսաուղերձով (տես` տեսանյութում): «Նույն օրը ուղերձը դիտել են ավելի քան 65 հազար մարդ, որոնցից շատերը որոշել են իրենք ևս դոնոր դառնալ»,- ասաց Ս. Ավագյանը:

Նրա խոսքով` արվեստի ասպարեզում Հայաստանում բնակվող հայտնի մարդկանցից  դոնոր գրանցվողներից առաջինների թվում էր Շուշան Պետրոսյանը, իսկ վերջերս այդ ցանկում գրանցվել է նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Դոնորների ցանկում է նաև հայտնի ռոք երաժիշտ,  System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը և այլոք:

Ս. Ավագյանի խոսքով, ընդհանուր առմամբ, ռեեստրում գրանցված են 24 հազարից ավելի դոնորներ Հայաստանից և 18 այլ երկրներից: Այս թիվը, ըստ մեր զրուցակցի, քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ օրինակ մեր հարևան Թուրքիայում, որտեղ բնակվում է ավելի քան 70 մլն մարդ, նույնպես գրանցված են շուրջ 24 հազար դոնորներ:

«Դոնորների թիվը մենք ուզում ենք մեծացնել՝ հասցնելով այն 30 հազարի, իսկ դրա համար արդեն սեպտեմբերից կսկսենք տարբեր ԲՈՒՀ-երում իրազեկման միջոցառումներ իրականացնել»,- ասաց Ս. Ավագյանը` նշելով, որ իհարկե դոնոր լինելը ազգ չի ճանաչում, սակայն հենց նույն ազգությունն ունենալու դեպքում ավելի հաճախ է համընկնումներ լինում, որի դեպքում միայն հնարավոր է տվյալ մարդու համար դոնոր դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս