Բաժիններ՝

«Պետք է հասկանալ՝ որո՞նք են Հայաստանի համար այսօր առաջնահերթություններ համարվում»

Նաիրա Հովակիմյանը մաթեմատիկոս է: Ծնվել և մեծացել է Երևանում: Գերազանց ավարտելով Երևանի թիվ 139 դպրոցը, 1983թ. ընդունվել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: 1988-1992թթ. սովորել է և պաշտպանել է դոկտորական աշխատանքը Մոսկվայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում: 1994թ. կրթաթոշակ է ստացել և մեկնել Գերմանիա: Այնուհետև աշխատել է Ֆրանսիայում, ապա հրավիրվել է ԱՄՆ, որտեղ և ապրում է մինչ օրս: Նաիրա Հովակիմյանն աշխատում է կառավարման և նավիգացիոն համակարգերի բնագավառում, որոնք լայն կիրառություն են գտել ավիացիայում, նավթարդյունահանման մեջ, անեսթեզիոլոգիայում և այլ ավտոնոմ համակարգերի ղեկավարման մեջ: Նաիրա Հովակիմյանը 23 գիտնականներից կազմված խումբ է ղեկավարում, որը մեթոդ է մշակել և փորձարկել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) (National Aeronautics and Space Administration` NASA) մոդելային ինքնաթիռի վրա, ապացուցելով, որ թռիչքի հետագիծը կարելի է ընդլայնել զանազան խափանումների դեպքում` առանց կայունությունը կորցնելու:
Նաիրա Հովակիմյանը մեծ հաջողությունների է հասել համաշխարհային գիտական ասպարեզում: ՆԱՍԱ-ից բացի, հայազգի պրոֆեսորն աշխատում է նաև վիրահատող ռոբոտների կատարելագործման ուղղությամբ:
Այս օրերին Ն. Հովակիմյանը գտնվում է Հայաստանում: Գիտնականի հետ զրուցեցինք նրա հայաստանյան հանդիպումների և ծրագրերի մասին:

– Այս անգամ Հայաստանում գտնվելու ընթացքում Դուք մի շարք հանդիպումներ եք ունեցել: Կպատմե՞ք՝ ի՞նչ հանդիպումներ էին: 
– Այո, շատ հանդիպումներ եմ ունեցել` «Արմռոբոտիքս» խմբի հետ, Պոլիտեխնիկական ինստիտուտում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունում և մի քանի ընկերություններում, տարբեր դասախոսություններով եմ հանդես եկել` փորձի ու մտքերի փոխանակում իրականացրել:
– ՆԱՍԱ-ի հետ` ինքնաթիռների անվտանգության կառավարման համակարգերի զարգացման վրա եք աշխատում: Վերջին ամիսներին սկսել եք նաև վիրահատող ռոբոտների կատարելագործման ուղղությամբ աշխատել: Մի ոլորտից անցումը մյուսին, մասնավորապես` բժշկության ոլորտին, հե՞շտ ստացվեց, թե՞ այնուամենայնիվ վախ կար: 
– Ես նման քայլերից չեմ վախենում. ինչի՞ց վախենամ (ծիծաղում է.- Լ.Մ.): Ճիշտ է, բժշկությունը նոր ոլորտ էր ինձ համար, և շատ բան չէի հասկանում, սակայն հասկանում էի մի բան, որ դրանք մարդկության համար կարևոր խնդիրներ են, և պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել: Օրինակ, պետք էր ստեղծել «սմարթ» (խելացի) դանակ, որը ճիշտ կտրի վիրահատության ժամանակ, առողջ հյուսվածքները չվնասի, արյան կենսական անոթներ չկտրի: Նման միջառարկայական հետազոտությունների ժամանակ շատ կարևոր է հասկանալ, թե որտե՞ղ են ավարտվում քո գիտելիքների սահմանները, և որտե՞ղ պետք է սկսվի համագործակցությունը բժիշկների կամ բիոմեխանիկների հետ: Օրինակ, հենց այդ «խելացի դանակը» (smart knife) ստեղծելու համար պետք է հասկանալ հյուսվածքների մոդելավորումը, առողջ և ուռուցքային հյուսվածքների տարբերակումը, վիրահատական գործողությունների սահմանափակումները տարբեր վիրահատությունների ժամանակ, շրջապատող անոթների և նյարդերի կառուցվածքը, ու ճիշտ կառուցել նախագիծը: Այսինքն, այս դեպքում պետք է համագործակցել շատ տարբեր մասնագետների հետ, որոնք խոսում են տարբեր թեմաներով և, կոպիտ ասած, տարբեր «լեզուներով»:

NASA-Langley-Research-Center-flight-simulator-facility
– Փաստորեն, այժմ Դուք, կարելի է ասել, Ձեր համալսարանում ղեկավարում եք նոր սերնդի բժշկական սարքավորումների ստեղծման աշխատանքները: 
– Այո, մենք նման նախագիծ ենք իրականացնում, և շուտով նաև նախատեսվում է մեր համալսարանում առաջիկայում բացել նմանատիպ բժշկական տեխնոլոգիաների կենտրոն, որի տնօրենը կլինի Պիեր Ջուլիանետտին, ով այժմ այս մեթոդով բուժող լավագույնը համարվող վիրաբույժն է աշխարհում: Պիեր Ջուլիանետտին հայտնի պրոֆեսոր է. նա նման ձևով (վիրահատող ռոբոտների միջոցով. – Լ.Մ.) կատարած հաջող վիրահատությունների քանակով ռեկորդակիր է, և այդկերպ նրա կատարած վիրահատություններից և ոչ մեկի ժամանակ որևէ մահվան դեպք տեղի չի ունեցել: Մեր համալսարանն ինձ առաջարկել է այդ կենտրոնի ճարտարագիտության գծով նախատեսված երկու փոխտնօրեններից մեկը լինել և պատասխանատու լինել ռոբոտների զարգացման ու կատարելագործման մեխանիկական համակարգերի համար: Բժիշկներն այժմ հասկանում են, որ ինժեներական համակարգերը ներկայումս բավականին հասունացել են, ուստի բժշկության ոլորտում ևս անհրաժեշտ է ինչ-որ բաներ փոխել:
– Ըստ Ձեզ՝ Հայաստան այս զարգացումները ե՞րբ կհասնեն, կամ կհասնե՞ն արդյոք: 
– Ես համոզված եմ, որ ի վերջո կգա մի օր, երբ այդ ամենը Հայաստան էլ կհասնի, որովհետև հիմա աշխարհը բաց է: Օրինակ, եթե Խորհրդային տարիներին փակ էինք, և նորարարությունները միշտ չէ, որ բոլորին էին հասանելի դառնում, ապա այժմ ինտերնետային բումը փոխել է այդ ամենը, և ամեն ինչն արդեն աշխարհով մեկ շատ արագ տարածվում է: Երբեմն սերնդափոխություն է անհրաժեշտ, դրսում կրթվելու անհրաժեշտությունն է կարևոր, բացի այդ, այստեղ համապատասխան ստանդարտները պետք է փոխվեն, շենքերը պետք է թարմացվեն, վերանորոգվեն, առկա համակարգերը պետք է փոխվեն, և այլն: Հայաստանում շատ գործ կա անելու, շատ-շատ…
– Հայաստանում վերջին շրջանում կարծես փորձ է արվում ավելի ուշադրություն դարձնել երիտասարդ գիտնականներին: Մասնավորապես վերջերս երկրի նախագահի կողմից երիտասարդ գիտնականներին որպես աջակցություն տրվող գումարը` 100 մլն դրամը, ՀՀ նախագահի հանձնարարությամբ որոշվեց կրկնապատկել, այսինքն` այն դարձնել 200 մլն դրամ: Ըստ Ձեզ` այս գումարը բավարա՞ր է, կամ արդյոք այն կարո՞ղ է փոխել ինչ-որ բան մեր երկրում գիտության զարգացման գործում: 
– Այդ ամենը կախված է նրանից, թե ինչպե՞ս կօգտագործեն այդ գումարը. պետք է ճիշտ ձևով բաշխել: Ամեն մի փոքր գումարն էլ կարելի է ինչ-որ ձևով ճիշտ օգտագործել, բայց պետք է ճիշտ ռազմավարություն լինի դրա համար: Այսինքն` ինչպե՞ս ներդնել, որպեսզի, օրինակ` Հայաստանի դերը ճիշտ հասկացվի այսօրվա աշխարհում: Կարևոր է այն, թե որո՞նք են Հայաստանի համար այսօր առաջնահերթություններ համարվում, և ո՞ր ուղղությամբ մենք ավելի շատ շանսեր ունենք երևալու միջազգային հանրության շրջանում: Այսինքն` պետք է ճիշտ հասկանալ ու հարաբերակցել, թե Հայաստանի այսօրվա առաջնահերթությունները որո՞նք են, և աշխատել այդ ուղղություններով:
Պետք է հասկանալ, թե Հայաստանում ի՞նչ նախագծեր է անհրաժեշտ ստեղծել, որոնք դրսի մեծ ու կարևոր նախագծերի համար կդառնան կարևոր հենասյուն: Այսինքն` որպեսզի այդ դրսի նախագիծը, այսպես ասած, առանց հայաստանյան մասի չկարողանա «շնչել»: Գիտության մեջ ամեն ինչ պետք է լինի ճիշտ շաղկապված: Ի տարբերություն մշակույթի, որը լինում է ազգային, գիտությունն ավելի համընդհանուր է: Եթե մենք տարբերակում ենք հայկական երաժշտությունը եվրոպականից, ամերիկյանից, ապա չկա հայկական մաթեմատիկա, եվրոպական և ամերիկյան մաթեմատիկա: Մաթեմատիկան մեկն է, և նրա արդյունքները մեկնաբանվում են ապացույցների լեզվով և չեն փոխվում` աշխարհագրական վայրից կախված: Սա նշանակում է, որ երբ մտածում ենք, թե Հայաստանում ի՞նչ գիտական ուղղություններ զարգացնել, ապա շատ կարևոր է տեղյակ լինել, թե աշխարհում ի՞նչ է տեղի ունենում համապատասխան բնագավառում, այլապես մեր երկրում ստացված արդյունքները ներկայանալի չեն լինի: Կարծում եմ, որ այդ պատճառով պետք է լրջորեն վերանայել, թե Հայաստանում այսօր ի՞նչ ուղղություններով մասնագետներ կան, ի՞նչ արդյունքներով են նրանք հայտնի ու ճանաչված, ովքե՞ր են համեմատաբար նոր ուղղություններով վերապատրաստում անցել, ի՞նչ մակարդակի են հասել, դրսի ո՞ր մասնագետների հետ կարող են խոսել, և Հայաստանում ի՞նչ նախագծեր կարելի է առաջարկել, որոնց իրագործումը կարող է դառնալ դրսի մի շատ կարևոր մասը:
Իհարկե, Հայաստանում սակավաթիվ են մարդիկ, և այդ քիչ լինելով` կրիտիկական մասսա դժվար է ապահովել: Քիչ լինելը և միաժամանակ աշխարհում ներկայացված լինելը շատ դժվար է, երբ կա Չինաստան, որը 1 բիլիարդ է, կամ Ռուսաստան, որը մի քանի հարյուր միլիոն է, և այլն: Այսինքն` շատի մեջ միշտ էլ ավելի հեշտ է ինչ-որ բան ընտրելը, քչի մեջ`ամեն ինչ ավելի դժվար է: Հայ գիտնականները պետք է միջազգային բարձր իմպակտ գործոն ունեցող ամսագրերում տպագրվեն, որպեսզի Հայաստանն ավելի տեսանելի լինի դրսից: Այժմ դրսից Հայաստանին հաճախ չեն տեսնում, ու, եթե փորձես ինչ-որ բան էլ ասել, չեն հավատա, քանի որ արդյունքը ճիշտ ամսագրում, ճիշտ տեղում չի տպագրվում: Եթե ես Հայաստանում բնակվեի, այստեղի իրավիճակն ավելի լավ կպատկերացնեի: Հայաստանում այսօր քանակապես քիչ լինելը կարծես մի քիչ խանգարում է մեզ աշխարհում ավելի լավ ներկայանալի լինել: Քիչ քանակով տեսանելիություն ապահովելու համար հզոր իդեաներ են պետք, և այդ հզոր իդեաների համար նաև արտակարգ ու անթերի ռեալիզացիաներ են պետք: Ամփոփելով` կասեմ, որ շատ հաճելի է տեսնել, որ Հայաստանում այսօր կան նման բարեփոխումներ, և կառավարության կողմից գիտնականներն այսօր արժանանում են որոշ ուշադրության: 15 տարի առաջ, երբ ես մեկնեցի Միացյալ Նահանգներ, այդ մասին միայն կարելի էր երազել: Հուսալքությունը շատ էր այն ժամանակ, իսկ այսօր կան բավականին հնարավորություններ: Թեկուզ հենց Armrobotics-ի առաջնությունն ապացույցն է այն փաստի, որ այսօր գիտական հաջողությունների ներդրման համար աստիճանաբար զուգահեռ ձևավորվում է որոշ արդյունաբերական բազա: Չնայած այն փաստին, որ այդ ամենը դեռ սաղմնային վիճակում է, և դեռ երկար ճանապարհ կա անցնելու, ես ողջունում եմ բոլոր առաջխաղացումները, և, կարծում եմ, որ միասնական ուժերով աստիճանաբար Հայաստանն էլ ներկայանալի կլինի միջազգային Robotics-ի մրցույթներում` մոտակա 3-5 տարում:
– Նշեցիք 15 տարի առաջ հնարավորությունների բացակայության և նման բարեփոխումների մասին այսօրվա իրականության մեջ: Դուք երբևէ կվերադառնա՞ք հայրենիք` մշտական բնակություն հաստատելու:
– Դժվար հարց է… Հաճախ եմ ինքս ինձ այդ հարցը տալիս և դժվարանում եմ միանշանակ պատասխան գտնել: Ես գտնում եմ, որ Հայաստանից հեռանալը կամ վերադառնալը չպետք է ինքնանպատակ լինի: Ես Հայաստանից մեկնեցի 15 տարի առաջ, քանի որ այստեղ չէի տեսնում ինքնադրսևորման (ինքնառեալիզացիայի) հնարավորություններ: Չկար լույս, ինտերնետ, գրադարանները սնանկ էին, ինֆորմացիայի պակաս կար, իսկ ես ունեի գիտական հետաքրքրություններ, որոնք սպառելու համար ինձ չէին բավարարում Հայաստանում ինֆորմացիա հայթայթելու աղբյուրներն ու հնարավորությունները: Եթե ես զգամ այսօր, որ Հայաստանում իմ գործունեությունը մարդկանց համար կարևոր է և արժեքավոր, չեմ բացառում, որ կվերադառնամ: Ըստ իս, կարևոր չէ, թե մարդը որտեղ է ապրում և արարում, կարևորը մարդու գործունեության բնույթն է. ԱՄՆ-ը ինձ տվեց մասնագիտական աճի հնարավորություն, որ աշխարհում ոչ մի ուրիշ երկիր չտվեց և չէր կարող տալ (ես 2 տարի աշխատել եմ նաև Եվրոպայում), այդ աշխատանքային նվաճումները աշխարհի տարբեր գիտաժողովներում ներկայացնելիս` ընթերցվում է իմ հայկական կենսագրականը, և այսպես` իմ համեստ գիտական արդյունքների միջոցով շատերը ճանաչեցին Հայաստանը: Պարզ է, որ եթե ես մնայի Հայաստանում, ապա երբեք չէի ունենա Հայաստանը միջազգային գիտական ատյաններում ներկայացնելու այն բացառիկ հնարավորությունները, որն ինձ տվեց Միացյալ Նահանգները: Երբ ինձ ներկայացնելիս մարդիկ կարդում են իմ կրթական աստիճանները և նշում Երևանի պետական համալսարանը, ես ամեն անգամ անկեղծորեն նորովի հուզվում եմ: Ես հոգով հայ եմ մնացել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս