Սիրիայի ապստամբներն Արևմուտքից խնդրել են իրենց հատկացնել ռուսական զենք
Ամերիկյան The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբներն օգնության խնդրանքով դիմել են Արևմուտքին: Սիրիական ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը դիմել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային խնդրելով հատկացնել ռուսական արտադրության հակատանկային հրթիռներ, զենիթա-հրթիռային համալիրներ և հրաձգային զենքի զինամթերք:
Նա ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերն ունեն ռազմական օգնության կարիք: Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ Իդրիսը խնդրել է հատկացնել ռուսական Конкурс տիպի հակատանկային 200 հրթիռ, 10 շարժական զենիթա-հրթիռային համալիր, «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգի 300.000 փամփուշտ և ևս այլ 100.000 փամփուշտ, 50.000 գնդացրի փամփուշտ:
Այս ամենից բացի, Իդրիսն Արևմուտքից պահանջել է նաև Սիրիայի տարածքում հաստատել ոչ թռիչքային գոտի: Ամենայն հավանականությամբ, այս պահանջները կապված են Սիրիայի կառավարական բանակի վերջին հաղթանակների հետ: Դա մասնավորապես վերաբերում է Լիբանանին սահմանի մոտ գտնվող Ալ-Քուսեյրում տարած հաղթանակին և ներկայումս մեկնարկած Հալեպի նահանգի համար ճակատամարտին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հրապարակած այսօրվա զեկույցի համաձայն, Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է 93.000 մարդ: