Բաժիններ՝

2012 թվականի հուլիսից Սիրիայում ամսական սպանվում է ավելի քան 5000 մարդ. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ամսական սպանվում է 5000 մարդ, իսկ հակամարտության սկսվելուց հետո Սիրիայում ընդհանուր առմամբ զոհվել է 93.000 մարդ:

Այս տվյալները նշված են ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյի այսօր տարածած զեկույցում, որն իրենում ընդգրկում է 2011 թվականի մարտից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածը:

Փիլեյը հայտարարել է. «Կատարված սպանությունների մակարդակը շարունակում է մնալ ապշեցուցիչ. նախորդ տարվա հուլիսից յուրաքանչյուր ամիս գրանցվում է ավելի քան 5000 դեպք: 2012 թվականի դեկտեմբերի 1-ից գրանցվել է 27.000 նոր սպանություն»:

Ներկայիս վիճակագրական տվյալները նախապատրաստելիս դեպքի վայրից ստացվել է 263.000 զոհի մասին տեղեկատվություն: Սակայն հաշվի են առնվել միայն այն դեպքերը, երբ հայտնի է եղել երեք գործոն՝ զոհի անունը, զոհվելու ժամկետն ու վայրը: Փիլեյը խոստովանել է, որ զոհվածների իրական քանակը կարող է ավելի շատ լինել:

Զոհվածների 82.6 տոկոսը տղամարդիկ են: Զոհվածների թվում կան առնվազն 6600 անչափահասներ՝ ներառյալ մինչև 10 տարեկան 1700 երեխա: Զեկույցում նշված է, որ Սիրիայում յուրաքանչյուր ամիս զոհվածների քանակն էականորեն աճել է:

Եթե 2011 թվականին Սիրիայի կառավարական ուժերի ու զինված ապստամբների միջև բախումների հետևանքով ամսական միջին հաշվարկով զոհվում էր 1000 մարդ, ապա նախորդ տարվա հուլիսից այդ ցուցանիշը հնգապատկվել է, իսկ 2012 թվականի հուլիս-հոկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ՝ վեցապատկվել (զոհվել է ամսական 6000 մարդ):

Զեկույցի համաձայն, ամենաշատը մարդիկ զոհվել են Դամասկոսի (17.800), Հոմսի (16.400), Հալեպի (11.900), Իդլիբի (10.300), Դերաայի (8600 մարդ), Համայի (8100), Դեյր-էզ-Զորի (5700) նահանգներում, ինչպես նաև Դամասկոս քաղաքում՝ 6400 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս