Բաժիններ՝

Ովքե՞ր են հովանավորում պետբյուջեի հարկերը թաքցնողներին

Եթե Հայաստանի որևէ շարքային քաղաքացի դժբախտություն ունենա բյուջեին թեկուզ 10 հազար դրամի պարտք ունենալ, ապա Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառույցները հաստատ կդիմեն դատարան, և դատարանն էլ առանց վարանելու` վճիռ կկայացնի բռնագանձել պետությանը չվճարված գումարը` այն պարզ պատճառաբանությամբ, որ դրանով պետք է լուծվեն բազմաթիվ սոցիալական հարցեր՝ վճարվեն աշխատավարձեր, թոշակներ, նպաստներ, պետք է իրականացվի բանակաշինություն, ամրապնդվի երկրի ներքին և արտաքին անվտանգությունը: Եվ նա, ով չի վճարում այդ գումարը, ձեռք է բարձրացնում հայոց պետականության վրա:
Բայց լինում են դեպքեր, երբ դատարանը կարող է այնպիսի վճիռներ կայացնել, որոնց արդյունքում պետությանը ոչ թե 10 հազարի, այլ տասնյակ միլիոնների վնաս կպատճառվի: ՊԵԿ Արմավիրի հարկային տարածքային տեսչությունը, արդեն երկու տարի է՝ չի կարողանում «Բետարդշին» ընկերությունից գանձել և նույնիսկ բռնագանձել 27 միլիոն 558 հազար դրամի հարկային պարտավորությունը, քանի որ դատարանները մշտապես վճիռներ են կայացնում` հօգուտ «Բետարդշին» ընկերության: Իսկ ինչպե՞ս է «Բետարդշին» ընկերությանը կամ, ավելի կոնկրետ, նրա տնօրենին հաջողվում «քցել» պետությանը և ընկերության այլ բաժնետերերին:
Մեխանիզմը շատ պարզ է և մի քանի անգամ փորձարկված: Ընկերության տնօրենը սկսում է սնանկացման գործընթաց, իսկ ընկերության սեփականությունը փոխանցում է իր որդուն, ավելի ճիշտ` նրան պատկանող ընկերությանը: Իսկ սնանկ ու ունեզուրկ ընկերությունից որևէ բան պահանջելն ուղղակի անհնար է:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մայիսի 23-ի վճռով «Բետարդշին» ընկերությունը ճանաչվել է սնանկ: Այս որոշումն օրինական ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 9-ին: Դրանից գրեթե մեկուկես տարի անց 2012թ. հունիսի 22-ին «Բետարդշին» ընկերության տնօրեն Արարատ Սարիբեկյանը պայմանագիր է ստորագրում իր որդու` Դավիթ Սարիբեկյանին պատկանող «Դավ-Ռաֆ-Շին» ընկերության հետ` սնանկ ճանաչված ընկերության գույքն այս ընկերությանը փոխանցելու մասին: Թվում է, թե սնանկ ճանաչված ընկերության տնօրենը, որտեղ կա նշանակված կառավարիչ, չպետք է իրավունք ունենար տնօրինել ընկերության գույքը, և այն փոխանցել մեկ այլ ընկերության: «Այսինքն` պարտապանի գրեթե ողջ գույքն անհիմն այլ անձի փոխանցելու պատճառով ՀՀ պետական բյուջեի օգտին Տարածքային հարկային տեսչության 27մլն 558 հազար դրամի պահանջը չի կարող բավարարում ստանալ»,- Վճռաբեկ դատարանին ուղղված հայցում գրում է Արմավիրի հարկային տեսչության պետ Ս. Այվազյանը՝ դատարանից խնդրելով վերացնել ընկերությունը սնանկ ճանաչելու առաջին ատյանի դատարանի վճիռը:
Բայց ոչ առաջին ատյանի դատարանին, և ոչ էլ դատական համակարգի այլ վերադաս ատյաններին, որոնց դիմել է Արմավիրի տարածքային հարկային տեսչությունը, այս և բազմաթիվ այլ փաստեր չեն հետաքրքրել: Եվ նրանք մշտապես վճիռներ են կայացրել հօգուտ «Բետարդշին» ընկերության: Թե ինչո՞ւ, կարելի է միայն ենթադրել: Արարատ Սարիբեկյանը տարածում է, որ իր հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հովանավորում են իրեն: Թե ովքե՞ր են նրանք, որ կարողանում են ազդել դատարանի վրա, որ պետության դեմ վճիռներ կայացվեն, դժվար է նույնիսկ ենթադրել: Հասկանալի չէ նաև այն դատավորների պահվածքը, ովքեր նման վճիռ են կայացնում, այն դեպքում, երբ իրենք էլ վարձատրվում են նույն պետական բյուջեից և վարձատրվում են ոչ այնքան վատ:
Մայիսի 31-ին Արմավիրի տարածքային հարկային տեսչությունը հերթական հայցն է ներկայացրել Վճռաբեկ դատարան և նոր ի հայտ եկած հանգամանքները ներկայացնելով` ևս մեկ անգամ դատարանից խնդրել վերացնել «Բետարդշին» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու դատարանի վճիռը:
Այդ Սնանկության արդյունքում տնտեսական վնասներ է կրել ոչ միայն պետությունը, այլ նաև ընկերության մանր ու մեծ բաժնետերերը: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասում է. «Ամեն օր լսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նախագահ Սարգսյանը պահանջում է վերացնել ատկատներ, խոսում են արդարադատության համակարգի մասին, բայց իրական կյանքում ուրիշ բան ենք տեսնում»: Եթե դատարանը չի պաշտպանում պետության շահերը, հազիվ թե նա պաշտպանի մանր բաժնետերերի իրավունքները: Չնայած Արմավիրի ՏՀՏ-ն, հնարավոր է, իր համառության շնորհիվ հաջողության հասնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս