
ԵԽ-ն ու ԵԱՀԿ-ն մտահոգված են Ադրբեջանում խոսքի ազատության հետագա սահմանափակման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների գծով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը և ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ լուրջ անհանգստություն են հայտնել՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2013 թվականի հունիսի 14-ին օրենսդրական ուղղումների հաստատման հետ:
Այդ ուղղումներով քրեականացվում էր համացանցում զրպարտանքի տարածումը: Մույժնիեքսը և Միյատովիչը, ովքեր ավելի վաղ բաց կերպ Իլհամ Ալիևին կոչ էին արել մայիսի 14-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո չհաստատել այդ օրենսդրական ուղղումները, ափսոսանք են հայտնել նրա տվյալ քայլի կապակցությամբ, որն ակնհայտորեն հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:
Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ նոր ուղղումներն էլ ավելի կնեղացնեն երկրում խոսքի ազատության առանց այն էլ սահմանափակ տիրույթը: