
Ադրբեջանում զրպարտանքի համար սահմանված պատժի գոտին տարածվեց նաև համացանցի վրա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն այսօր ընդունել է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում արմատական բնույթի ուղղումներ կատարելը:
Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքի 147-րդ և 148-րդ հոդվածներում, որով և այսուհետ ԶԼՄ-ների համար սահմանված զրպարտանքների ու վիրավորանքների համար քրեական պատիժը տարածվում է նաև համացանցի վրա:
Համացանցում զրպարտանքի ու վիրավորանքի համար ազատազրկելու են մինչև 6 ամիս ժամկետով, իսկ ծանր հանցագործություններ գործելու մասին զրպարտանքը կպատժվի մինչև 3 տարի ազատազրկմամբ: Ուղղումների համաձայն, Վարչական օրենսգրքում մեծացվել են վարչական ձերբակալման ժամկետները:
Ապօրինի հանրահավաքներ կազմակերպելու համար ձերբակալման առավելագույն ժամկետը 15 օրից հասցվել է 60 օրվա, իսկ ոստիկանությանը չենթարկվելու համար սահմաված ձերբակալման առավելագույն ժամկետը 15 օրից հասցվել է 30 օրվա:
Մանր գողության, առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու, անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, առողջությանը թեթև վնասվածք հասցնելու համար սահմանված 15-օրյա պատժաժամկետը հասցվել է մինչև մեկ ամսվա:
Դատական կարգադրիչների պահանջների չենթարկվելու համար պատժաժամկետը 10 օրից հասցվել է մինչև 1 ամսվա: Այս ուղղումների նախաձեռնողի դերում հանդես է եկել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: