«Գնումների աջակցման կենտրոնը» պատասխանում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ին
«Գնումների աջակցման կենտրոնը» հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտարկումներին, որոնք հրապարակվել էին դեռ մայիսի 31-ին։
Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը հանրային գնումների մոնիթորինգի ծրագրի շրջանակներում իրականացրել է բողոքարկման խորհրդի գործունեության, նրա կողմից ընդունված որոշումների և մեկ անձից գնումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն և արձանագրել է մի շարք բացթողումներ և թերություններ:
«Գնումների աջակցման կենտրոնի» պատասխան հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
ա) «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ եւ դրանով սահմանված ժամկետներով. բ) Ափսոսանք ենք հայտնում, որ նշված հեղինակավոր կազմակերպությունը հրապարակում է չստուգված, անարժանահավատ տեղեկատվություն՝ անհարկի ազդելով համակարգի հեղինակության վրա. գ) Հույս ենք հայտնում, որ հետագայում, մինչեւ նման տեղեկատվության հրապարակումը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը այն կճշտի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Հատկապես կարեւորում ենք, որ Գնումների աջակցման կենտրոնը մշտապես պատրաստ է եղել համագործակցել բոլոր հասարակական կազմակերպությունների, այդ թվում եւ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ։ Հ.Գ. Ինչ վերաբերում է «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հաղորդագրության մեջ նշված դեպքին, ապա այդ առնչությամբ հայտնում ենք, որ «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի կողմից «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված բողոքի քննության ընթացքում հայց է ներկայացվել Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն իրավապարտադիր որոշում է կայացրել՝ կիրառել է հայցի ապահովման միջոց եւ կասեցրել է ընկերության բողոքի քննությունը։ Թույլ տրված անճշտության եւ չհիմնավորված տեղեկատվության հրապարակման համար ակնկալում ենք «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հրապարակային ներողությունը»: