«Հզբոլլահը» Սիրիա է գործուղել Պակիստանի շիաներին
Լիբանանյան Beirut Today թերթի փոխանցմամբ՝ հունիսի 1-ին՝ ժամը 23.45-ին, «Հզբոլլահի» զինյալները հետ են մղել լիբանանյան Բաալբեկ քաղաքի վրա Սիրիական ազատ բանակի և «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ջոկատների ձեռնարկած հարձակումը:
Հարձակումը ձեռնարկվել է Ջարուդ լեռան մոտից՝ միաժամանակ մի քանի ուղղություններով: Բախումները գրանցվել են Բաալբեկից արևելք, գրոհը հետ է մղվել: Թերթի տվյալներով՝ Սիրիայի ապստամբները, թողնելով 150 սպանված, հետ են քաշվել:
Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ Սիրիայում կրած մեծ կորուստները «Հզբոլլահին» հարկադրում են համայն աշխարհում վարձել վարձկանների: Մասնավորապես, նշվում է, որ օրեր առաջ «Հզբոլլահը» Սիրիա է գործուղել օտար վարձկանների, որոնք գլխավորապես հավաքվել են պակիստանյան շիաներից:
Դրանով իսկ «Հզբոլլահը» փորձում է պահպանել իր կադրերին և առաջին գիծ ուղարկել հնարավորինս շատ վարձկանների:
Հիշեցնենք, որ Սիրիայի ապստամբները մայիսի վերջին խոստացել էին վրեժխնդիր լինել «Հզբոլլահից»: Ի դեպ, «Հզբոլլահը» փորձ է ձեռնարկել ապստամբների դեմ հանել Սիրիայի դրուզներին: